Թուրքիայի ռազմական կորուստներն Աֆրինում. բանակից կորուստ, զինյալներից՝ «կորած»

Հունվարի 23-ին Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնապես հայտնել է Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ շարունակվող գործողության 4-րդ օրը երկրորդ կորստի մասին՝ ավագ լեյտենանտ Օղուզ Քաան Ուստա: Թուրքիայի իշխանությունները կորուստների թվում չեն նշում իրենց հետ կռվող «Սիրիայի ազատ բանակի» զինյալներին:

աֆրինի գործողություններում սպանված «Սիրիայի ազատ բանակի» զինյալ

Աֆրինի գործողություններում սպանված «Սիրիայի ազատ բանակի» զինյալ Ֆահրի Չաքմազ

Այսպիսով՝ Թուրքիան 4 օր շարունակվող գործողությունների ընթացքում պաշտոնապես հաստատել է երկու ռազմական կորուստ՝ նշված ավատ լեյտենանտը, ինչպես նաև ավելի վաղ մահացած ենթասպա Մուսա Օզալքանը:

Սակայն հատկանշական է, որ առայժմ Թուրքիան ցամաքային գործողություններին ներգրավել է հիմնականում «Սիրիայի ազատ բանակ» կոչվող զինյալ խմբավորման անդամներին: Բաց աղբյուրներից տվյալներ կան նշված կառույցի առնվազն մի քանի անդամների սպանվելու մասին, սակայն նրանք չեն ներառվում Թուրքիայի կորուստների պաշտոնական տվյալներում (1, 2):

Բացի այդ, ռուս լրագրող, Աֆրինի մասին գրող Կիրիլ Ռոմանովսկին հրապարակել է քրդական աղբյուրներից ստացած տեսանյութ, որտեղ երևում են ՍԱԲ սպանված ևս մի քանի զինյալների դիակներ:

Переходящая "оливковая ветвь".

Posted by Kirill Romanovskiy on Tuesday, January 23, 2018

Տեսանյութում քրդերը էրդողանին առաջարկում են ձիթենու ճյուղը «մի հարմար տեղ մտցնել»:

Այսպիսով թուրքական կողմի կորուստները ավելի շատ են, քան պաշտոնական տվյալները, սակայն, քանի որ ցամաքային գործողություններին հիմնականում ներգրավված են ՍԱԲ զինյալները, հիմնական կորուստները Թուրքիայի օգնությամբ գործող զինյալների շրջանում են, որոնք պաշտոնապես չեն հայտարարվում:

Քրդական կողմի կորուստների մասին տվյալները շատ ավելի սահմանափակ են, և հստակ թվերի մասին առայժմ հնարավոր չէ խոսել:

Իրադրությունն Աֆրինում հունվարի 22-23-ի դրությամբ՝ ըստ բաց աղբյուրներում հրապարակված տվյալների

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Նշենք, որ Աֆրինը վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և ռազմական թևը՝ «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG): Թուրքիայի իշխանությունները քրդական այս ուժերին համարում են «ահաբեկչական և սպառնալիք Թուրքիայի անվտանգության համար»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *