Սեյրան Օհանյան. Հունիսի 10-ից մեկնարկում է գարնանային զորակոչը

Հունիսի 7-ին Պաշտպանության նախարարության կազմակերպած լրագրողական այցը դիրքեապահ զորամաս և սահման ամփոփվեց Տավուշի մարզի դիրքերից մեկում Սեյրան Օհանյանի մամուլի ասուլիսով։

տարբերանշան

Նախարարը անդրադարձավ ԶՈւ սպառազինության խնդիրներին, նշեց, որ այդ հարցը մշտապես եղել է ուշադրության կենտրոնում, և հնարավորության դեպքում բանակը համալրվում է նոր տեխնիկայով։ Ըստ նախարարի՝ կարևորություն է տրվում նաև հենց մեզ մոտ զինտեխնիկայի արդիականացմանը։ Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում են միջազգային ընկերությունների հետ համատեղ ռազմարդյունաբերական ընկերությունների ստեղծում։

Սեյրան Օհանյանը խոսեց նաև երկուշաբթի (հունիսի 10-ից) մեկնարկող գարնանային զորակոչի մասին։

«Զինված ուժերի համալրումը դեռ երկար ժամանակ կիրականացվի խառը սկզբունքով, ինչպես պայմանագրային հիմունքներով, այնպես էլ պարտադիր զինծառայությամբ»։

Պաշտպանության նախարարը ներկայացրեց նաև պայմանագրային զինծառայության առավելություններն ու թերությունները, նշեց, որ սահմանամերձ շրջաններում պայմանագրային հիմունքներով ծառայությունը հնարավորություն է տալիս գյուղի բնակիչներին ամսվա կեսը ծառայել, իսկ մյուս մասը զբաղվել գյուղատնտեսությամբ։

«Այսպես մենք նաև սոցիալական հարց ենք լուծում, գյուղացին աշխատավարձ է ստանում և պաշտպանում անմիջապես իր բնակավայրը»,- ասաց Օհանյանը։

Թերությունների առումով Սերյան Օհանյանը նշեց, որ պայմանագրայինների դեպքում կարգապահության առումով թերացումներ կան, այսինքն՝ պարտադիր զինծառայություն անցնող զինվորները ավելի հեշտ են ըմբռնում ասվածը։

Բացի այդ, 2014 թվականին սպասվում է պայմանագրային զինծառայողների աշխատավարձերի բարձրացում։

Այն հարցին, թե ինչպես է լինելու կանանց ներգրավվածությունը Զինված ուժերում և ինչպես է կազմակերպվելու Ռազմական ինստիտուտում դասընթացները, նախարարը պատասխանեց. «Աղջիկների համար կստեղծվեն հատուկ պայմաններ, բայց գիշերակաց չի լինի։ Նրանց ամեն օր երեկոյան կթույլատրվի գնալ իրենց տուն»։

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչ ընթացք է տրվելու նստացույց անող ազատամարտիկների բողոքի ցույցին։
Սեյրան Օհանյանի համոզմամբ՝ հարցին լուծում կտրվի, քանի որ հիմա էլ նախատեսված է բնակարանների տրամադրում ազատամարտիկներին։ Գոյություն ունի հերթ, ըստ որի տարիների ընթացքում բոլորին էլ կհասնի բնակարան։

Բացի այդ, նախարարը հավաստիացրեց, որ ազատամարտիկներն իր մարտական ընկերներն են ու տարվա ընթացքում նրանց հետ հանդիպումներ է  կազմակերպվում  ու անպայման ծանոթանում է նրանց հուզող խնդիրներին։

Սեյրան Օհանյան

Սեյրան Օհանյան

Ռազմինֆոյի այն հարցին, թե ինչպիսի լուծում կտրվի ազատամարտիկների պահանջագրի 1-ին կետին ՝ «Կամավոր ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք», նախարարը պատասխանեց, որ դա Սահմանադրության հետ է կապված և անպայման աշխատելու են այդ ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *