«Ձիթենու ճյուղ». Թուրքիայի ԶՈւ Սիրիայի քրդերի դեմ գործողության 3-րդ օրը (22.01.2018)

Թուրքիայի զինուժը և հավատարիմ զինյալ խմբավորումները արդեն 3-րդ օրն է, ինչ շարունակում են Սիրիայի Աֆրինում քրդերի դեմ ռազմագործողությունը: Կորուստների մասին պաշտոնական տվյալներ չկան: Թուրքիայի գործողությունը պաշտպանում են մի շարք երկրներ, ակնհայտ դեմ են խոսում Եգիպտոսը, Իրանը, Սիրիան:

«Ձիթենու ճյուղ» ռազմագործողության 3-րդ օրը Թուրքիայի զինուժը շարունակում է Քիլիսից հրետակոծել Աֆրինում քրդերի դրքերը, բնակավայրեր: Քրդական կողմի տվյալներով՝ Թուրքիայի գործողությունների արդյունքում 20 քաղաքացիական է զոհվել:

Սիրիայի Աֆրինը Թուրքիայի ռազմագործողության ընթացքում. 20-21.01.2018

Սիրիայի Աֆրինը Թուրքիայի ռազմագործողության ընթացքում. 20-21.01.2018

Սրան զուգահեռ քրդական կողմը հունվարի 21-ին հրետակոծել էր Թուրքիայի Հաթայ Նահանգի Ռեյհանլի բնակավայրը: Թուրքական կողմի տվյալներով՝ քրդերի հրետանու դիրքերից մեկը արդեն հայտնաբերվել է և ավիացիայի միջոցով ոչնչացվել:

Ցամաքային գործողություններին հիմնականում ներգրավվել են Թուրքիայի օգնությամբ գործող զինյալ խմբավորումներ: Առայժմ Սիրիայի Աֆրին նահանգ ստացվել է մտնել 3 ուղղությամբ: Արդյունքում, ըստ նախնական տեղեկությունների, թուրքական կողմը մի քանի գյուղ է գրավել քրդերից:

Սրան զուգահեռ առայժմ չհաստատված տեղեկություներ կան, որ գյուղերից առնվազն մեկը քրդական զինուժը կարողացել է հետ վերցնել՝ շրջափակման մեջ գցելով թուրքական ուժերին:

Միջազգային արձագանք. 

Ֆրանսիան պահանջել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրել Թուրքիայի՝ Սիրիայում սկսած նոր ռազմագործողության քննարկման համար: Նիստը պետք է անցկացվի հունվարի 22-ին: Թուրքիան խիստ թշնամաբար է ընդունել Ֆրանսիայի այս նախաձեռնությունը:

Թուրքիայի գործողությունները քննադատել են Եգիպտոսը և Իրանը: Անկհայտորեն պաշտպանող երկրներից է Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Սիրիայի մյուս երկու խոշոր խաղացողներին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին, ապա պաշտոնական Մոսկվան կարծես առնվազն «դեմ չէ» Թուրքիայի գործողություններին, իսկ Միացյալ Նահագները Թուրքիային կոչ է անում «սահմանափակել» գործողությունները ու ուշադրությունը սևեռել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վրա: Պենտագոնի ղեկավարն էլ իր հերթին նշել է, որ Թուրքիան իրենց զգուշացրել էր գործողության անցկացման մասին:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ին Թուրքիան սկսել էր օդային գործողությունը՝ հունվարի 21-ից անցնելով ցամաքային գործողությունների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *