Հունվարի 20-21-ին Սիրիայի բանակի ստորաբաժանումները զինյալներից կարողացել են ազատագրել Իդլիբ նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու Դուհուր ավիաբազան: Սիրիական կողմը նաև հրապարակել է տեսանյութ ազատագրված բազայից: Ավիաբազան ազատագրելու մասին հայտարարել է նաև Սիրիայի բանակի հրամանատարությունը:
Հիշեցնենք, որ 2017 թ. դեկտեմբերի վերջից և 2018 թ. հունվարի սկզբից Սիրիայի բանակը լայնածավալ հարձակում էր սկսել Իդլիբում տեղակայված զինյալ խմբավորումների, այդ թվում՝ Ալ-Նուսրայի ճակատի դեմ:
Արդեն հունվարի 10-ի շրջանում Սիրիայի բանակի ստորաբաժանումները գրեթե հասել էին Աբու Դուհուր ավիաբազային, սակայն հարձակումը դանդաղել էր զինյալների մասշտաբային հակահարձակման պատճառով: Ըստ որում տեղեկություններ կային, որ այդ զինյալներին աջակցում է Թուրքիան:
Հավելենք, որ նույն օրերին՝ հունվարի 20-21-ին, Թուրքիան ռազմագործողություն սկսեց Սիրիայի Աֆրինում տեղակայված քրդական ուժերի դեմ, որն առայժմ շարունակվում է: Գործողության ընթացքում ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները լքեցին Աֆրինի կենտրոնը: