Հունվարի 19-ին Թուրքիայի զինված ուժերի հրետանային ստորաբաժանումները շարունակել են հրետակոծել Սիրիայի հյուսիսային Աֆրին շրջանում քրդական ուժերի դիրքերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ըստ աղբյուրի՝ Հաթայ նահանգի Քըրըքհան և Հասսա գավառներում տեղակայված Թուրքիայի զինուժի ստորաբաժանումները շուրջ 10 անգամ հրետանից կրակել են քրդական ուժերի ուղղությամբ: Արդեն մի քանի օր է, ինչ թուրքական կողմը ինտենսիվորեն հրետածում է քրդերի՝ հայտարարելով, որ դա անում է ի պատասխան քրդական կողմի կրակոցների:
Քրդական ANF գործակալությունըն էլ իր հերթին հայտնում է, որ Թուրքիայի զինուժը հրետակոծում է քրդական գյուղերը, քրդերն էլ պատասխան կրակում են Թուրքիայի սահմանային ստորաբաժանումների վրա:
Նշենք, որ հունվարի 19-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին հայտարարել է, որ գործողություններ են իրականացնելու Աֆրինում: Թուրքական կողմը միևույն ժամանակ շարունակում է զինտեխնիկա և զորքեր կուտակել թուրք-սիրիական սահմանի երկայքով:
Աֆրինը ներկայում վերահսկում են քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորումը և դրա ռազմական թև YPG-ն, որոնց Թուրքիան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական ճյուղավորումներ և նույնպես «ահաբեկչական կառույցներ»: Թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ թույլ չի տա քրդական ուժերին պետություն ստեղծել թուրքական սահմանի երկայքով և սպառնում գործողություններ իրականացնել:
Բացի այդ, Թուրքիային հաջողվեց «Եփրատի վահան» գործողության ընթացքում գրավել Սիրիայի հյուսիսում Ջերաբլուս-Ազազ հատվածը՝ այդպիսով խոչընդոտելով քրդական ինքնավար շրջանների միավորմանը: