Հունվարի 18-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է երկրում «արտակարգ դրությունը» ևս երեք ամսով երկարաձգելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծը: Այսպիսով «արտակարգ դրությունը» Թուրքիայում արդեն 6-րդ անգամն է երկարացվում: Որոշումն արդեն հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում (T.C. Resmi Gazete) և օրենքի ուժ է ստացել:
«Արտակարգ դրությունը» երկարաձգվելու է հունվարի 19-ից սկսած և գործելու առնվազն մինչև 2018 թ. ապրիլ: Վերջին անգամ այն երկարաձգվել է 2017-ի հոկտեմբերին:
Հունվարի 17-ին Թուրքիայում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նիստ, որի ժամանակ քննարկվել են «արտակարգ դրությունը» երկարացնելու և Սիրիայի Աֆրին շրջանում նոր գործողություններ սկսելու հարցերը: ԱԱԽ «խորհուրդ էր տվել» երկրի կառավարությանը երկարաձգել «արտակարգ դրությունը»: Ավելի ուշ կառավարությունը խորհրդարանի հաստատման է ներկայացրել օրինագիծը:
Նման պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող է ընդունել պարզապես օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման Թուրքիայի դատաիրավական համակարգում:
«Արտակարգ դրություն» Թուրքիայում հայտարարվել է 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջան փորձից հետո, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այն պարբերաբար երկարացվում է: Թուրքական իշխանությունները օգտագործելով այս իրավիճակը առանց որևէ արգելքի ձերբակալում են ոչ միայն հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող, այլև առհասարակ իշխանությունների համար անցանկալի, ընդդիմադիր անձանց: