Թուրքիայի զինուժը ակտիվորեն հրետակոծում է Սիրիայում քրդական ուժերի դիրքերը

Հունվարի 18-ին Թուրքիայի զինուժը հրետակոծել է Սիրիայի հյուսիսում քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) և դրա ռազմական թև YPG-ի դիրքերը: Թուրքական կողմի պնդմամբ՝ Թուրքիայի զինուժը կրակել է ի պատասխան քրդական ուժերի կրակոցների: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական տանկերի հերթական խումբը հասել է Սիրիայի հետ սահման

Թուրքական տանկերի հերթական խումբը հասել է Սիրիայի հետ սահման

Քրդական կողմն էլ պնդում է, որ Թուրքիայի զինուժը կրակահերթի տակ է պահում Սիրիայի հյուսիսային քրդական բնակավայրերը: Փոխանցում է ANF գործակալությունը:

«Անադոլու» գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայի հետ սահմանային Թուրքիայի ԶՈւ բոլոր ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի: Աղբյուրի փոխանցմամբ՝ դա արվում է առաջիկայում Աֆրին շրջանում գործողություններ իրականացնելու համար:

Միևնույն ժամանակ, թուրքական զինուժը տանկեր, զրահափոխադրիչներ, հատուկ նշանակության ուժեր է շարունակում փոխադրել Աֆրին շրջանին սահմանակից թուրքական նահանգներ՝ մասնավորապես Հաթայ նահանգ (1, 2):

Հունվարի 17-ին Թուրքիայի ԱԱԽ նիստից հետո ընդունված հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան «ցանկացած քայլի» դիմելու է երկրի անվտանգությունը պահպանելու և իր սահմանի երկայքով «ահաբեկչական պետության» ստեղծումը կանխելու համար: Թուրքիայի իշխանությունները չեն դադարում սպառնալ, որ «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»:

Թուրքիան «ահաբեկչական է համարում» Սիրիայի քրդական ուժերին՝ «Ժողովրդավարական միություն կուսակցություն» (PYD) խմբավորմանը և դրա ռազմական թև YPG-ին: Այդ ուժերի վերահսկողության ներքո է գտնվում Սիրիայի հյուսիսի մեծագույն մասը: Սիրիայում գործում են քրդական 3 ինքնավար «կանտոններ»:

Թուրքիայի զինուժը, 2016-ի օգոստոս — 2017-ի մարտ ժամանակահատվածում իրականացրած «Եփրատի վահան» գործողության ժամանակ կարողացավ փաստացիորեն գրավել Ազազ-Ջերաբլուս հատվածը՝ այդպիսով կանխելով քրդական կանտոնների միավորումը:

Այն, որ Սիրիայի քրդական ուժերին աջակցում է ԱՄՆ-ն լուրջ հակասություններ է առաջացրել Թուրքիայի և Նահանգների հարաբերություններում: Թուրքիան պարբերաբար մեղադրում է ամերիկյան կողմին «ահաբեկիչներին» ռազմական և ֆինանսական օգնություն ցուցաբերելու, ներկայում էլ «ահաբեկչական բանակի» ստեղծելու փորձեր անելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *