Հունվարի 17-ին Թուրքիայում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ: Օրակարգում եղել են Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողությունները, Թուրքիայում «արտակարգ դրությունը» ևս մեկ անգամ երկարաձգելու հարցերը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
ԱԱԽ նիստից հետո ընդունված հայտարարությունում նշվում է, որ Թուրքիան «ցանկացած քայլի» դիմելու է երկրի անվտանգությունը պահպանելու և իր սահմանի երկայքով «ահաբեկչական պետության» ստեղծումը կանխելու համար:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը քննադաում է Սիրիայի արաբա-քրդական ուժերից «սահմանային ուժեր» ստեղծելու մասին ԱՄՆ նախաձեռնությունը:
Օրեր առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ ԱՄՆ-ն Սիրիայում քրդերից և արաբներից 30 հազարանոց սահմանային զորքեր է ստեղծում: Առայժմ պատրաստություն անցել է 230 զինծառայող: Էրդողանը մեղադրում է Նահանգներին «ահաբեկչական բանակ» ստեղծելու համար:
Միևնույն ժամանակ, թուրքական կողմը շարունակում է տեղեկություններ տարածել, որ մոտ ժամանակներում Սիրիայի քրդական ուժերի դեմ գործողություններ են սկսելու Աֆրինում և նաև Մանբիջում: Թուրքական կողմը նաև զինտեխնիկայով է համալրում Սիրիայի հետ սահմանային ստորաբաժանումները:
Մյուս օրակարգային հարցը Թուրքիայում «արտակարգ դրության» երկարաձգումն է: ԱԱԽ-ն երկրի կառավարությանը խորհուրդ է տվել ևս 3 մասով երկարաձգել «արտակարգ դրությունը»: Նախարարների խորհուրդը արդեն իսկ հավանություն է տվել երկարաձգման համար, մնում է միայն Թուրքիայի խորհրդարանը ընդունի համապատասխան օրինագիծը:
«Արտակարգ դրության» պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող է ընդունել հրամագրեր, որոնք օրենքի ուժ ունեն: Միևնույն ժամանակ, այս վիճակը ձեռնտու է Էրդողանի թիմի համար իր ընդդիմադիրների գործունեությունը սահմանափակելու տեսանկյունից: