Առաջնագծի պաշտպանությունը կազմակերպվում է մեծապես պայմանագրայինների ուժերով, որոնք հիմնականում սահմանամերձ գյուղերի բնակիչներ են: Այս մասին ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի հետ զրույցում հայտնել է հյուսիսարևելյան սահմանի զորամասերից մեկի հրամանատար, գնդապետ Վլադիմիր Կարապետյանը:
«… Ծառայությունում ընդգրկվում են հատուկ ընտրությամբ: Իրենց մասնագիտությանը, զենքին լավ են տիրապետում, ինչպես նաև եռանդուն են, կարգապահ, հանդուրժող…: Նկատելի է պայմանագրային գումարտակների երիտասարդացում»:
Գնդապետի խոսքով՝ վերջերս ավելի հաճախ են բանակից զորացրված երիտասարդ տղաները, որոնք «շատ լավ մարտական պատրաստություն» ունեն, ցանկություն են հայտնում անցնել պայմանագրային ծառայության:
Դեռևս 2017-ի մարտին 3-րդ ԲԿ հրամանատարը հայտնել էր, որ 2017-ին բանակային զորամիավորման հրամանատարությունը մտադիր է «դիրքերից իջեցնել» ժամկետային զինծառայողներին:
Այդ պահին, գնդապետի խոսքով, մարտական հերթապահությունում ընդգրկված անձնակազմի 70 տոկոսն արդեն իսկ պայմանագրային էր: