Հունվարի 15-ին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) տեղական «Ասելսան» ընկերության հետ ստորագրել է «Ազգային մեծ հեռահարության պաշտպանության համակարգի ծրագրի» համաձայնագիր: Ծրագրին ներգրավվել է ևս երկու խոշոր թուրքական ընկերություն, հետազոտական ինստիտուտ: Այս մասին հայտնում է «Ասելսանի» կայքը:
Համաձայնագիրն «Ասելսանի» հետ ստորագրել են նաև թուրքական «Ռոքեթսան» ռազմարդյունաբերական ընկերությունը, ինչպես նաև TÜBİTAK SAGE հետազոտական ինստիտուտը:
Միայն «Ասելսանի» մասով ծրագրի իրականացումը գնահատվել է շուրջ 570 մլն ԱՄՆ դոլար (ըստ համաձայնագրի՝ 869.013.861 թուրքական լիրա և 279.257.600 եվրո): Առայժմ հայտնի չէ, թե որքան կարժենան մյուս երկու ընկերությունների ծառայությունները:
Նշենք, որ, համաձայն հաղորդագրության, համակարգերը նախատեսվում է մատակարարել 2021 թվականից:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ «Մեծ հեռահարության պաշտպանական համակարգի» մասին է խոսքը: Նշված ընկերությունների «Ասելսանը» և «Ռոքեթսանը» արդեն իսկ արտադրել են փոքր հեռահարության ՀՕՊ, հակահրթիռային պաշտպանության համակարգեր, TÜBİTAK SAGE-ն ևս զբաղվում է հրթիռների նախագծմամբ:
Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց նման համակարգերի մասին է: Նշենք, որ Թուրքիան մինչ օրս չունի սեփական մեծ հեռահարության ՀՕՊ համակարգ: Այդ պակասը լրացնելու համար թուրքական կողմը համաձայնության է եկել Ռուսաստանի հետ: 2020 թվականից Թուրքիան կստանա Ս-400 համակարգեր:
Բացի այդ, 2018 թ. հունվարին Թուրքիան համաձայնագիր է ստորագրել եվրոպական ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ: Համաձայնագրով Թուրքիան պետք է ստանա մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Չի բացառվում նաև Թուրքիայում արտադրության տեղայնացումը:
Հավելենք, որ, դատելով այս խնդրի շուրջ թուրքական կողմի տարբեր հաղորդագրություններից, այնտեղ «մեծ հեռահարության» ասվածը բավականին հարաբերական է: Նույն հաջողությամբ «մեծ հեռահարության» ՀՕՊ համակարգեր են համարվում է մինչև 400 կմ հեռահարությամբ Ս-400-ը և նույն Eurosam ընկերության արտադրության մինչև 100 կմ հեռահարության Stamp/T-ն: