Թրամփը վերջնաժամկետ է նշանակել Իրանի հետ Միջուկային համաձայնագիրը փոխելու համար

Հունվարի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 120 օրով երկարաձգել է Միջուկային համաձայնագրի շրջանակներում Իրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման ժամկետը։ Ըստ Թրամփի՝ սա Միջուկային համաձայնագրի «սարսափելի թերությունները» շտկելու վերջին հնարավորությունն է։  Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։

Թրամփը կոչ է արել համաձայնագիրը ստորագրած «եվրոպական երկրներին»* այդ 120 օրվա ընթացքում միասին աշխատել համաձայնագրում փոփոխություններ կատարելու վրա։ Եթե համաձայնագիրը փոփոխության չենթարկվի՝ Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ն դուրս կգա համաձայնագիրից։

*Նշենք, որ համաձայնագրի անդամ երկրներ են նաև Ռուսաստանը և Չինաստանը: Թրամփը փաստացի «շրջանցել է» այդ երկրներին՝ դիմելով միայն եվրոպական պետություններին՝ Ֆրանսիա, Գերմանիա, Մեծ Բրիտանիա:

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Սպիտակ տան ղեկավարը մասնավորապես պահանջում է, որ միջուկային համաձայնագրով Իրանի նկատմամբ սահմանված պարտավորությունները լինեն անժամկետ, ինչպես օրինակ՝ ուրանի հարստացման արգելքը չսահմանափակվի 10 տարով։ (Համաձայնագրով Իրանը կարող է ուրան հարստացնել մինչև 3.67 տոկոս՝ խմբ.)։

Թրամփը նաև պահանջում է չտարանջատել Իրանի միջուկային ծրագիրն ու հեռահար հրթիռների զարգացման ծրագիրը և Իրանի հրթիռային կարողությունը սահմանափակելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել։

Ըստ Թրամփի՝ միջազգային տեսուչները պետք է կարողանան Իրանի ցանկացած օբյեկտում ստուգումներ անցկացնել։ Այս պահանջների չկատարման դեպքում ԱՄՆ-ն կվերականգնի իր պատժամիջոցները։

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Թրամփի այս հայտարարությունը անվանել է Միջուկային համաձայանգիրը չեղարկելու հուսահատ փորձ։

Համաձայանգրի անդամ մյուս երկրները շարունակում են հանդես գալ Միջուկային համաձայնագիրը պահպանելու կոչով։

Նույն օրը՝ հունվարի 12-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրանի և Չինաստանի 5 ֆիզիկակակ անձի և 9 կազմակերպության նկատմամբ։ Պատժամիջոցների ցանկում է նաև Իրանի դատական իշխանության ղեկավար Սադեղ Ամոլի Լարիջանին։

ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո Իրանի և ԱՄՆ հարաբերությունները ավելի են սրվել։ Թրամփը հաճախ է հանդես գալիս Իրանի միջուկային համաձայնագիրը քննադատող ելույթներով։ Նա Իրանին մեղադրում է ահաբեկիչներին աջակցելու, տարածաշրջանը ապակայունացնելու, հրթիռային ծրագիրը զարգացնելու մեջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *