ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում խաղաղապահ դասակ է ստեղծվում. Հայտարարվել է մրցույթ

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կենտրոնական ապարատում 2018 թ. հունվարի 6-ից ստեղծվել է նոր ստորաբաժանում՝ խաղաղապահ դասակ, որը ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի կազմում կմասնակցի խաղաղապահ առաքելություններին: Դասակը համալրելու նպատակով մրցույց է հայտարարվել:  Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Խաղաղապահ դասակը կազմված է հետաքննչական, զինավտոտեսչության և պարետային ծառայության խմբերից:

Նորաստեղծ խաղաղապահ դասակը համալրելու նպատակով ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարում է մրցույթ: Համալրման համար առաջնահերթությունը կտրվի համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, երկու և ավել օտար լեզուների տիրապետող և պարտադիր զինվորական ծառայություն անցած մինչև 35 տարեկան ՀՀ քաղաքացիներին:

Դասակում ընդգրկված յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա կայուն և բարձր վարձատրությանը զուգահեռ անցնել համապատասխան վերապատրաստում, ինչպես նաև առաքելությունների իրականացման, փորձի փոխանակման միջոցով ամրապնդել ու զարգացնել մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները:

Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք ինքնակենսագրությունը (CV) կարող են ներկայացնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն (հասցե` ք. Երևան, Ծովակալ Իսակովի պող., 18/10 շենք): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել (010) 42-94-93 հեռախոսահամարով:

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ը ՄԱԿ-ի առաջարկությամբ աշխատանքներ է իրականացնում ոստիկանական մշտական պատրաստության հատուկ ստորաբաժանում ստեղծելու ուղղությամբ: Ստորաբաժանումը պետք է ներգրավվի խաղաղապահական առաքելությունների:

Ավելացնենք նաև, որ Հայաստանը, ըստ ռուսաստանյան կողմի հայտարարությունների, 2017 թվականին հաստատեց Սիրիայում ականազերծման աշխատանքներին ներգրավվելու պատրաստակամությունը: Նկատենք, որ Սիրիայում գործում են նաև ՌԴ ՊՆ ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ:

Հավելենք, որ Հայաստանն այս պահին մասնակցում է 4 միջազգային խաղապահական առաքելության՝ Աֆղանստանի, Լիբանանի, Կոսովոյի և Մալիի տարածքներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *