Հունվարի 10-ին փոթորիկը Կասպից ծովի Բանդար է Անզալի իրանական նավահանգստի ափ է նետել Իրանի բանակի ռազմածովային ուժերի «Դամավանդ» ֆրեգատը։ Այս մասին հայտնում է այդ երկրի բանակի կայքը։ Զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չկա։
Միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նավը փորձել է կառանել նավահանգստում։ Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմի հրամանատարությունը հայտնել է, որ նավի վնասները մեծ չեն, և շուտով այն կրկին կշահագործվի։
«Դամավանդը» «Մոուջ» դասի ռազմանավերի 2-րդ նախագիծն է։ Ռազմանավը Իրանի ՌԾՈւ Կասպյան նավատորմը համալրել է 2015թ. մարտին։