Ռազմաշաբաթի ամփոփում. Ադրբեջան. հունիսի 3-9

Կորուստներ՝ 3 զոհ, զոհված զինվորի ծնողները ցույց են անում։ Բաքուն նախապատրաստվում է հունիսի 26-ի ռազմաշքերթին։ Քաղպաշտպանության վարժանքներ՝ Գոյչայում։  Անօրինական զենք-զինամթերքի առգրավվում ռուս-ադրբեջանական սահմանին։ Հարձակման ենթարկված ռազմական փորձագետի գործի դատավարությունն է սկսվել։ ԱՀ նախագահը ստորագրել է զորակոչի հրամանագիրը։ ԵԱՀԿ մշտադիտարկում՝ շփման գծում։ 

1. Հունիսի 6-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Ֆիզուլու շրջանի զորամասերից մեկում շարքային Հուսեյնով Ալի Հուսեյն օղլուն, ինքնաձիգից կրակ բացելով, սպանել է զինծառայող Ռահիմով Միրգասիմ Վուղար օղլուն:

Նույն օրը Բաքվի Ղարադաղի շրջանում պայմանագրային զինծառայող Թուրալ Մահերամ օղլու Բաշիրովի ՎԱԶ-2106 մեքենան: Արձակուրդի մեջ գտնվող 25-ամյա զինծառայողը տեղում մահացել է ստացված ծանր վնասվածքներից:

Հունիսի 8-ին Հեյդար Ալիևի բարձրագույն ռազմական ուսումնարանի երրորդ կուրսի ուսանող Ալիև Ջավաձե Քյանան Շաքիր օղլուն (ծնվ. 1993թ.) մահացել է ծանր ու խրոնիկ հեպատիտից:

Այսպիսով, եթե վստահենք ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի տվյալներին՝  ընթացիկ տարում Ադրբեջանի ԶՈւ-ն գրանցել է 43 զոհ, 35 վիրավոր:

Հավելենք նաև, որ հունիսի 5-ին Ադրբեջանում Բարդայի մի քանի տասնյակ բնակիչներ փակել էին Բարդա-Աղդամ-Տերտեր մայրուղին։ Կազմակերպվել էր բողոքի ցույց օրեր առաջ՝ մայիսի 30-ին ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Սամիր Մեխտիևի ծնողների ու հարազատների մասնակցությամբ։ Մասնակիցները միաձայն պնդում էին, որ ՊՆ-ի՝ մայիսի 31-ին տարածած հայտարարությունը՝ համաձայն որի զինվորն ինքնասպան է եղել, չի համապատասխանում իրականությանը։

2. Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 26-ին Բաքվում սպասվում է ռազմաշքերթ՝ Ադրբեջանի ԶՈՒ օրվա կապակցությամբ։ Ադրբեջանական ԶԼՄ-ները շքերթի նախապատրաստական աշխատանքների քարոզչական ալիք են ծավալել։ Համաձայն լուսանկարների՝ Բաքվում արդեն կառուցում են տրիբունաները, բացի այդ զորահանդեսին ներկայացվելու են Ադրբեջանի ԶՈՒ Տ-72, ԲՄՊ-2, ԲՄՊ-3, ԲՌԴՄ, ԲՏՌ-80, «Կոբրա», «Storm» զրահապատ մեքենաներ, ՀՕՊ համակարգեր, ԱԹՍ-եր, Մի-17 ու Մի-35Մ ուղղաթիռներ։ Քաղպաշտպանության զորքերն ու Ազգային գվարդիան ներկայացվելու են 100 զինվորներ։ Տեղական արտադրության դիպուկահար հրացաններ և «Գյուրզա» պարեկային մեքենան ևս ներկայացվելու են։

2013-ի մայիսի 28, ներկայացուցչական զորահանդես Բաքվում

2013-ի մայիսի 28, ներկայացուցչական զորահանդես Բաքվում

3. Հունիսի 3-ին Ադրբեջանի հանրապետության ԱԻՆ քաղաքացիական պաշտպանության վարչության աջակցությամբ Շիրվանի տափաստանի Գոյչայ շրջանում անցկացվել են համալիր քաղաքացիական պաշտպանության վարժանքներ։
Շրջանի քաղպաշտպանության ուժերն իրականացրել են վարժանքներ արտակարգ պատահարի տեղանքի հսկողություն, տարածքից ելումուտի սահմանափակման, հրդեհի չեզոքացման, քիմիական վարակի գոտու տեղայնացման, օբյեկտի քիմիական հետախուզության կազմակերպման, որոնողական, փրկարարական, տուժածներին առաջին բուժօգնության ցուցաբերման, համաճարակի դեմ պայքարի, մարդկանց անվտանգ տարհանման ուղղությամբ։

4.Հունիսի 3-ին Ադրբեջանի ԱԻՆ-ից հայտնում են, որ Բալականի, Զագատալի, Գախի, Շաքիի, Օղուզի, Ղուբայի, Գաբալայի, Գուսարի և Խաչմազի շրջաններում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալվել է Ադրբեջանում հետախուզության մեջ գտնվող 52 և ԱՊՀ երկրներում հետախուզվող 29 անձ, առգրավվել է 10 հրազեն, 11 ատրճանակ, 24 նռնակ և մոտ 7 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ։

5.Հունիսի 4-ին ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հայտնում են, որ Բաքվի ռազմական դատարանը հունիսի 3-ի կեսօրին, սկսել է ռազմական փորձագետ, պահեստազորի փոխգնդապետ, Ադրբեջանի ՊՆ-ին ուղղված սուր քննադատություններով հայտնի Յաշար Ջաֆարլիին ծեծի ենթարկելու վերաբերյալ գործի դատավարությունը։ Ջաֆարլին պարբերաբար հանդես կգա մամուլի ասուլիսներում և կտեղեկացնի գործի նոր մանրամասների մասին։

6. Հունիսի 4-ին Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հերթական զորակոչի հրամանը։

7. Հունիսի 6-ին շփման գծի երկայնքով՝ Աղդամի ուղղությամբ, իրականացվել է մշտադիտարկում՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովի (Բուլղարիա) անձնական վերահսկողության ներքո։ Դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *