Թբիլիսիում մահացել է Պանկիսի կիրճում գործողության ժամանակ վիրավորված Մաչալիկաշվիլին

Հունվարի 10-ի առավոտյան Թբիլիսիում մահացել է Թեմիրլան Մաչալիկաշվիլին, ով վիրավորվել էր դեռևս 2017-ի դեկտեմբերի 26-ին Վրաստանի հյուիսում՝ Պանկիսի կիրճում, հատուկ գործողության ժամանակ: Մաչալիկաշվիլին փորձել էր դիմադրել, սակայն ծանր վիրավորվել էր գլխից և ուսից, գտնվում էր կոմայի մեջ: 

Թեմիրլան Մաչալիկաշվիլի

Թեմիրլան Մաչալիկաշվիլի

19-ամյա Մաչալիկաշվիլիի մահվան մասին հայտնել է նրան բուժող բժիշկը․ փոխանցում է վրաստանյան Interpressnews կայքը: Հարազատների խոսքով՝ հունվարի 10-ին նրան պետք է տեղափոխեին Թուրքիա՝ բուժումը շարունակելու:

Չնայած նրան, որ ուժայինները հայտնում են, որ Մաչալիկաշվիլիի մոտ զենք է եղել, ավելի կոնկրետ նռնակ, մահացածի հարազատները  հայտարարում են, որ նրա ձեռքում հեռախոս է եղել, և հատուկջոկատայինները չարաշահել են իրենց լիազորությունները:

Պանկիսի կիրճում հատուկ գործողության ժամանակ նաև ձերբակալվել էր 3 անձ:  Մաչալիկաշվիլին և մյուսներին մեղադրում են ահաբեկիչների, մասնավորապես Ահմեդ Չատաևի հետ համագործակցության համար:

Չատաևը սպանվել էր նոյեմբերին վերջին Թբիլիսիիում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում: Այդ ժամանակ Չատաևը մի քանի այլ ահաբեկիչների հետ շուրջ 20 ժամ հատուկ նշանակության ուժերի, ոստիկաների հետ փոխհրաձգություն էր վարում՝ տեղակայվելով Թբիլիսիի շենքերից մեկի բնակարանում: Գործողության ընթացքում սպանվել է 1 վրացի հատուկջոկատային, վիրավորվել է 4-ը, իսկ բոլոր ահաբեկիչները ոչնչացվել են:

Հավելենք, որ Պանկիսի կիրճում հիմնականում իսլամադավան կիստեր են բնակվում: Հենց այս շրջանից են ամենաշատ թվով ահաբեկիչներ գնացել Սիրիա և Իրաք՝ անդամակցելու տարբեր ահաբեկչական խմբավորումների, այդ թվում հատկապես՝ «Իսլամական պետությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *