Թուրքիայում նորից երկարաձգվելու է «արտակարգ դրությունը». Թուրքիայի փոխվարչապետ

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հերթական անգամ երկարաձգելու են «արտակարգ դրությունը»՝ 3 ամիս ժամկետով: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նա նշել է, որ «արտակարգ դրության» ժամկետը լրանում է հունվարի 19-ին: Մինչ այդ տեղի է ունենալու Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվելու է դրա երկարաձգման հարցը: Այնուհետև այս հարցը տեղափոխվելու է կառավարության օրակարգ և երկարաձգման որոշում ընդունվելու դեպքում կփոխանցվի Թուրքիայի խորհրդարան՝ հաստատման համար:

Թուրքիայի խորհրդարանը վերջին անգամ երկարաձգել է «արտակարգ դրությունը» 2017-ի հոկտեմբերի 17-ին: Հերթական անգամ երկարացվելու դեպքում այդ ռեժիմը կգործի մինչև առնվազն 2018-ի ապրիլ:

«Արտակարգ դրության» պայմաններում Թուրքիայի կառավարությունը կարող է ընդունել  օրենքի ուժ ունեցող որոշումներ, որոնք ենթակա չեն բողոքարկման Թուրքիայի դատաիրավական համակարգում:

Թուրքիայում «արտակարգ դրություն» հայտարարվել է 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջան փորձից հետո, և արդեն մեկ տարուց ավելի է, ինչ այն պարբերաբար երկարացվում է: Այս հանգամանքը օգտագործվում է ոչ միայն հեղաշրջման փորձի հետ կապ ունեցող, այլև առհասարակ թուրքական իշխանությունների համար անցանկալի, ընդդիմադիր անձանց ասպարեզից հեռացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *