Թուրքիայի զինուժը կհամալրվի շուրջ 10 հազար սպայով և ենթասպայով. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթթին Ջանիքլին հայտարարել է, որ 2018-ի ընթացքում զինված ուժերում զինծառայողների պակասը լրացնելու համար ընդհանուր առմամբ 3761 սպա և 5992 ենթասպա է պատրաստվելու: Փոխանցում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար

Թուրքիայում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի տապալումից հետո արված լուսանկար

Համալրումները զորատեսակներում հետևյալ կերպ են բաշխվելու.

  • ցամաքային զորքեր — 2427 սպա, 2657 ենթասպա,
  • ռազմածովային ուժեր — 693 սպա, 836 ենթասպա,
  • ռազմաօդային ուժեր — 341 սպա, 899 ենթասպա,
  • հատուկ նշանակության ուժեր — 300 սպա, 600 ենթասպա

Դեռևս 2017-ի նոյեմբերին Ջանիքլին հայտարարել էր, որ 2016 թ. հուլիսի ռազմական հեղաշրջման փորձից հետո բանակից հեռացվել է 8750 գեներալ, սպա, ենթասպա, քաղաքացիական աշխատող: Հեղաշրջման փորձից հետո ընդունվել է 14389 զինծառայող և քաղաքացիական, սակայն հեռացվածների թվում ավելի շատ էին սպաները և ենթասպաները, իսկ ընդունվածների թվում՝ շարքային-սերժանտական կազմը: 

Թուրքիայում զինծառայողների և հատկապես սպաների ու ռազմական օդաչուների խիստ պակաս է առաջացել 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո: Մինչև այժմ Թուրքիայում շարունակում են ձերբակալությունները և հեռացումները երկրի ուժային կառույցներին:

Թուրքիայի իշխանությունները ռազմական հեղաշրջման փորձի համար մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող, թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլենին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *