Սիրիայում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ

Դեկտեմբերի 25-ին Իդլիբի հիվանդանոցում մահացել է ադրբեջանցի հայտնի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա): Փաշաևը մինչև Սիրիա գնալը կռվել է Ղարաբաղում՝ 1990-ական թթ. սկզբին, Չեչնիայում՝ 2000-2003 թթ., ինչպես նաև Աֆղանստանում՝ Թալիբների կազմում: «Պատերազմների» միջև ընկած ժամանակահատվածները Փաշաևն անցկացրել է Ադրբեջանում:

Ռովշան Փաշաևը, ով իսլամիստների շրջանում հայտնի էր որպես Աբու Օմար Ուբեյդա, Սիրիայում 2011 թվականից կռվում էր «Ահրար աշ-Շամ» ահաբեկչական կառույցի կազմում:

Սիրիայում սպանված ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա)

Սիրիայում սպանված ադրբեջանցի ահաբեկիչ Ռովշան Փաշաևը (Աբու Օմար Ուբեյդա)

2014 թ. նա Համայում ծան վիրավորվել էր, ինչից հետո զբաղվում էր միայն նոր ահաբեկիչների մարզելով: 2017 թ. դեկտեմբերին նրան վիրահատելու անհրաժեշտություն է առաջացել, բայց Իդլիբի հիվանդանոցում ոչ բավարար պայմանների պատճառով Փաշաևը մահացել է:

Դատելով իսլամիստական կառույցին մոտ կանգնած կայքերից մեկում հրապարակված մահախոսականից՝ Փաշաևը բավականին «հարուստ» կենսագրություն է ունեցել:

Նա ծնվել է Խորհրդային Ադրբեջանում, 1991 թ. ծառայել է Տերտերի շրջանի ոստիկանությունում, մասնակցել Արցախյան պատերազմին: Պատերազմի ավարտից հետո անդամակցել է «Ղարաբաղի պարտիզաններ» զինված խմբավորմանը, որը նպատակ ուներ նոր պատերազմ սկսել Արցախում:

Նույն խմբավորման կազմում 2000-ական թթ. սկզբից կապնվել է նաև այլ իսլամիստների հետ, մարզումներ անցել Չեչնիայում ու մասնկացել Երկրորդ Չեչնիական պատերազմին՝ ընդդեմ Ռուսաստանի: 2003 թ. խմբակիցների հետ վերադարձել է Ադրբեջան՝ նպատակ ունենալով զինված խմբերով վերսկսել պատերազմն Արցախում:

Ադրբեջանում հենց նույն թվականին «Ղարաբաղյան պարտիզաններ» խմբի մի շարք անդամների անօրինական զինված խմբավորում կազմելու համար ներգրավել են քրեական գործով: Փաշաևն ազատազրկվել է, սակայն արդեն 2005 թ. ազատ է արձակվել:

Որոշ ժամանակ մնալով Ադրբեջանում՝ նա մեկնել է Աֆղանստան՝ Թալիբան ահաբեկչական կառույցի կազմում կռվելու: Այնուհետև Փաշաևը կրկին Ադրբեջան է վերադարձել (հստակ տարեթիվը հայտնի չէ), իսկ արդեն 2011 թ. մեկնել է Սիրիա՝ այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ կռվող ահաբեկչական ուժերին անդամակցելու:

Հավելենք, որ ո՛չ թուրքական, ո՛չ էլ ադրբեջանական աղբյուրներում չի նշվում, որ Փաշաևը ահաբեկչական գործունեություն է ծավալել: Հենց այս դիրքորոշման հետևանքով է, որ Ադրբեջանում «արտերկրում կռված ահաբեկիչներ» են համարում միայն «Իսլամական պետության» շարքերում կռվածներին:

Մինչ այս Ադրբեջանում պաշտոնական տվյալները վկայում էին, որ Սիրիայում և Իրաքում վերջին տարիներին Ադրբեջանի 900 քաղաքացի է անդամակցել միայն ԻՊ-ին: Այս շարքում հաշվի չեն առել Փաշաևի նման տասնյակ, գուցե նաև հարյուրավոր այլ ահաբեկիչների, զինյալների (հստակ թիվը հայտնի չէ):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *