Ադրբեջանական տեղեկատվական կայքերի փոխանցմամբ՝ հունիսի 5-ին Բարդայի մի քանի տասնյակ բնակիչներ փակել էին Բարդա-Աղդամ-Տերտեր մայրուղին։
Կազմակերպվել էր բողոքի ցույց՝ օրեր առաջ՝ մայիսի 30-ին ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայող Սամիր Մեխտիևի ծնողների ու հարազատների մասնակցությամբ։
Մասնակիցները միաձայն պնդում էին, որ ՊՆ-ի՝ մայիսի 31-ին տարածած հայտարարությունը՝ համաձայն որի զինվորն ինքնասպան է եղել, չի համապատասխանում իրականությանը։ Ծնողները դժգոհ էին նաև հետաքննության ընթացքից։
Որոշ ժամանակով Բարդա-Աղդամ-Տերտեր մայրուղին անանցանելի էր, ապա ոստիկանները ցրեցին ցույցը։ Մեխտիևի հարազատները հայտարարեցին՝ եթե հետաքննությունը չպարզի իրական մեղավորներին, ապա իրենք պատրաստ են նոր ցույց կազմակերպել։
Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 30-ին Շամքորի բանակային կորպուսի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայող Սամիր Վագիֆ օղլու Մեխտիևն անհայտ պատճառներով ինքնասպանություն է գործել։