Վրաստան. 2017թ. ռազմական կարևորագույն իրադարձությունների ամփոփում

2017 թվականը բավականին հարուստ էր իրադարձություներով նաև Վրաստանի զինուժի համար: Razm.info-ն անդրադարձել է ավարտվող տարում Վրաստանի ռազմաքաղաքական ոլորտի կարևորագույն զարգացումներին, որոնց մի մասի հետևանքները ավելի հստակ կերևան հաջորդ տարիներին

Վրաստանի ԶՈւ օպտիմալացում

Վրաստանում 2017-ը սկսվեց երկրի պաշտպանական գերատեսչության օպտիմիզացիայով և զանգվածային կրճատումներով: Հունվարի 30-ին հայտնի դարձավ, որ Վրաստանի ԶՈւ վերակազմավորման շրջանակներում երկրի ԶՈւ 5-րդ հետևակային բրիգադի (Գորի) անձնակազմը մտավ 1-ին հետևակային բրիգադի (Կրծանիսի) կազմ:

Բացի այդ, Վրաստանի ՊՆ-ից հեռացվել է 2250 աշխատակից՝ հիմնականում քաղաքացիականներ: Ըստ պաշտպանության նախարար Լևան Իզորիայի՝ այդ բոլոր կրճատումներով երկրի ռազմական ծախսերի համար խնայվեց շուրջ 32 մլն լարի: Մինչ այդ Վրաստանի պաշտպանական բյուջեյի շուրջ 70%-ը կազմում էին աշխատավարձերը և այլ սոցիալական վճարները:

Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքի ընթացքում

Վրաստանի ԶՈւ զինծառայողները վարժանքի ընթացքում

Զորակոչի նոր տեսակ

2016-ի ամռանը պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին պաշտոնավարման ավարտին ստորագրել էր զորակոչից հրաժարվելու հրաման: 2017 թ. գարնանը պաշտպանության նոր նախարար Լևան Իզորիան չեղարկեց այդ հրամանը, ինչպես նաև փոփոխություններ մտցվեց զորակոչային ծառայության ձևի մեջ:

Փոփոխությամբ ժամկետային զինծառայողները անցնելու են նույն պատրաստությունը, ինչ անցում են պայմանագրային զինծառայողները: Մինչ այս ժամկետայինները անցկացնում էին պահակային ծառայություն իսկ նոր փոփոխությամբ նրանք ևս կներգրավվեն տարբեր վարժանքների:

Agile Spirit եվ Noble Partner

Ամռանը Վրաստանում անցկացվեց Noble Partner անունը կրող միջազգային հերթական զորավարժությունը: Վարժանքներին մասնակցում էին զինծառայողներ ԱՄՆ-ից Մեծ Բրիտանիայից, Սլովակիայից, Թուրքիայից, Գերմանիայից և Ուկրաինայից։ Նշենք, որ այս տարի զորավարժությանը մասնակցեց նաև ՀՀ ԶՈւ-ն՝ դաշտային հոսպիտալի կազմով:

Վարժանքների համար Վրաստան էր բերվել ամերիկյան և գերմանական զինտեխնիկա։ Վազիանի զորավարժարան ժամանեցին М1А2 «Աբրամս» տանկեր, «Բրեդլի» «Սթրայքեր» և «Բոքսեր» զրահափոխադրիչներ։ Վրացական կողմից մասնակցում էին Տ-72 տանկեր, ԲՄՊ-2, «Դանա» ինքնագնաց հրետանի, ինչպես նաև «Դիդգորի» զրահամեքենաներ։ Ավիացիոն մասը ապահովում էր ԱՄՆ ՌՕՈւ С-130 ВС ռազմական բեռնատար ինքնաթիռը։ Վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել էր 2800 զինծառայող:

Ամերիկյան զինտեխնիկան Noble Partner 2017 զորավարժության բացման արարողության ժամանակ

Աշնանը Վրաստանում անցկացվեց նաև Agile Spirit զորավարժությունը, որին մասնակցում էին շուրջ 1500 զինծառայողներ Ռումինիայից, Լիտվայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Ուկրաինայից և Բուլղարիայից։

Նոյեմբերի 10-ից 20-ը Վրաստանում անցկացվեցին « Վրաստան-ՆԱՏՕ 2016» հրամանատարաշտաբային վարժանքներ, որին ներգրավվել էր ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 13 երկրների ԶՈւ շուրջ 250 ներկայացուցիչ։

Այս, ինչպես նաև Noble Partner և Agile Spirit զորավարժությունները արդեն «ավանդական» բնույթ են կրում, սակայն մինչև հիմա առաջացնում են Ռուսաստանի սուր արձագանքը։ ՌԴ ԱԳՆ այդ առիթով հայտարարել է, որ «Ռուսաստանը նմանատիպ գործողությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության համար լուրջ սպառնալիք է համարում»:

Աֆղանստանում առաքելության շարունակումը եվ վրացական կորուստները

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը Վրաստանի ԶՈւ-ն մասնակցում է 2009 թվականից։ Աֆղանստանում մշտական գտնվում է Վրաստանի ԶՈւ շուրջ 850 հոգանոց զորախումբ, որոնք ծառայություն են իրականացնում Քաբուլում, Բագրամում և Մազարի Շարիֆում։ Վրացի զինծառայողները հիմնականում զբաղվում են բազաների տարածքի հսկողությամբ և պարեկությամբ։

Ծառայություն ընթացքում Վրաստանի ԶՈւ-ն այս տարի ևս ունեցել է կորուստներ։ Վրացի զինծառայողների վրա տարվա ընթացքում կրականացվել է մի քանի հարձակում, ինչի պատժառով զոհվել է 1 զինծառայող և մի քանիսն էլ վիրավորվել են։ 2009-ից սկսած Աֆղանստանում զոհվել է Վրաստանի ԶՈւ շուրջ 32 զինծառայող։ Սա, սակայն, չի խանգարում Վրաստանին իր առաքելությունը իրականացնել Աֆղանստանում, ինչպես նաև բացառված չէ, որ գալիք տարում Աֆղանստանում վրացական զորախումբը կմեծանա։

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ

Վրաստանի ԶՈւ զինծառայողները Աֆղանստան մեկնելուց առաջ

Ջավելիններ և Միստրալներ

2017-ի ավարտը Վրաստանի համար նշանավորվեց ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում հաջողություններով։ Նոյեմբերին նախ ԱՄՆ Պետդեպարտամենտը, ապա նաև Կոնգրեսը հավանություն տվեցին Վրաստանին հակատանկային հրթիռային «Ջավելին» համալիրների տրամադրմանը՝ ԱՄՆ բանակի պահեստից։

Վրացական կողմը ԱՄՆ-ից խնդրել է 410 հրթիռ և 72 արձակման կայան, որնց ընդհանուր գինը գնահատվել է 75 մլն դոլար։ Համալիրների տեղափոխումը և սպասարկումը ապահովելու է ամերիկյան կողմը։ Այս պայմանագիրը թեև Վրաստանի ԶՈւ ռազմական կարիքների համատ ռազմավարական առաջընթաց չէ, սակայն ռազմատեխնիկական շրջանակներում լուրջ հաջողություն է։

Վրաստանը 2008 թվականի պատերազմից հետո զենքի մատակարարման չբարձրաձայնվող արգելքի տակ էր, ինչը հիմա հանվել է։

Հակատանկային համալիրների մատակարարումների մասին նորությանը հետևեց տեղեկություն Վրաստանի ԶՈւ-ի համար ՀՕՊ նոր միջոցների մասին։ Նախ վրացական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Ֆրանսիայից ձեռք են բերվելու «Միստրալ» ԶՀՀ-ներ։

Այս տեղեկությունը պաշտոնական հաստատում չգտավ, սակայն արդեն դեկտեմբերի 20-ին Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան երկրի խորհրդարանում հայտնեց, որ եվրոպական THALES և MBDA ընկերությունների ՀՕՊ միջոցները արդեն Վրաստանում են՝ չնշելով կոնկրետ մոդելներ։ Նշենք, որ գործարքը ՀՕՊ համակարգեր մատակարարելու մասին Վրաստանի ՊՆ և այդ ընկերությունների միջև 2015-ին կնքված պայմանագրի շրջանակներում է։

Նյութը կազմեց՝

Վլադ Վարդանյան

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *