Պաշտպանության նախարարության պատասխանները Razm.info-ի ընթերցողների ՆՈՐ հարցերին

Ռազմինֆոն շարունակում է ընթերցողներից հարցեր ստանալ ՊՆ «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի վերաբերյալ։ Այս ու նաև բնակարանային ծրագրի մասին հաճախ տրվող հարցերն այս անգամ ևս ուղարկել ենք նախարարություն և պատասխաններ ստացել։

Նոյեմբերին նախարարությունը պատասխանել է նաև Ռազմինֆոյի ընթերցողների նախորդ հարցերին, որոնց կարող եք ծանոթանալ այստեղ։

«ԵՍ ԵՄ»

1. «Ես եմ» ծրագրի շրջանակներում արդյոք լինելո՞ւ է ծառայողի բնակության վայրին մոտ դիրքերում ծառայելու հնարավորություն:
Ոչ, չի լինելու:

2. Ինչպե՞ս է որոշվելու «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերից օգտվող զինակոչիկների ծառայության վայրը, վիճակահանությա՞մբ: Արդյո՞ք դրանք լինելու են առանձին ստորաբաժանումներ: Եթե այո, ապա ե՞րբ հայտնի կլինեն այդ ստորբաժանումները:
2017 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում «Ես եմ» ծրագրի պիլոտային տարբերակից օգտվողների զինծառայությունը կազմակերպվելու է մեկ զորամասում: Ծրագրի ընդլայնման դեպքում ծառայության վայրը կորոշվի վիճականությամբ:

3. «Ես եմ» ծրագրով ամեն ամիս հասանելիք արձակուրդից հրաժարված կամ այն մասամբ վերցրած զինծառայողը ստանալո՞ւ է արձակուրդի մեկնելու համար նախատեսված վճարը:
Զինծառայողներն օրենքով և ՀՀ կառավարության 2014 թ. 1085-Ն որոշմամբ սահմանված կարգով ստանում են դրամական ապահովություն:

4. «Ես եմ» ծրագրի կնքվելիք պայմանագրով զինծառայողը արձակուրդից հրաժարվելու դեպքում մնում է զորամասում և սնվում իր հաշվին: Ինչպե՞ս է կազմակերպվում սննդային ապահովման այս գործընթացը:
ՀՀ կառավարության 03.12.2015թ. թիվ 1456-Ն որոշմամբ սահմանված պարտադիր ժամկետային զինծառայողի պարենային ապահովման չափաբաժինը կազմում է 800-1300 դրամ` ըստ անձնակազմի կատեգորիաների:

5. «Ես եմ» ծրագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում ինչպե՞ս է որոշվում, թե որտեղ պետք է քաղաքացին շարունակի պարտադիր ծառայությունը, վիճակահանությա՞մբ:
Ոչ, վիճակահանությունը միայն պարտադիր ժամկետային զինծառայության զորակոչվելիս է իրականացվում:

«ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ»

6. «Պատիվ ունեմ» ծրագիրը ո՞ր զորակոչից կսկսի գործել։
Ծրագիրը գործելու է 2018 թ. ամառային զորակոչից սկսած:

7. Լինելու՞ է արդյոք «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցների առավելագույն քանակ։ Ծրագրին դիմած արդյոք բոլո՞ր քաղաքացիները կստանան հնարավորություն դրանից օգտվելու։
Մասնակիցների առավելագույն քանակ կնախորոշվի ծրագրի հետագա ընդլայնման դեպքում։

8. Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու «Պատիվ ունեմ» ծրագրի մասնակիցները։
Մասնակիցների ընտրության կարգը և չափորոշիչները սահմանվելու են ՀՀ կառավարության որոշմամբ:

ԱՅԼ

9. Բժշկական համալսարանում բակալավրիատ ու մագիստրատուրա չկա։ Այնտեղ անվճար սովորող և տարկետում ունեցող ուսանողները կլինիկական օրդինատուրա ընդունվելու դեպքում ստանում էին տարկետում ու ավարտելուց հետո որպես սպա ծառայում 2 տարի։ Ուսումը 6 տարի է։ Ի՞նչպես է ազդելու նոր օրենքը այս ուսանողների վրա։
Բժշկական համալսարանի ուսանողները կկարողանան օգտվել «Պատիվ ունեմ» ծրագրով նախատեսվող հնարավորություններից:

10. Այս պահին բակալավրիատներում տարկետումով սովորող և զուգահեռ ՌՈւՀ-ում կրթություն չստացած 4-րդ կուրսի ուսանողները ի՞նչ կարգով են մասնակցելու մեկամյա սպայական դասընթացների համար ընդունելությանը։
Մեկամյա սպայական դասընթացներին մասնակցելու համար ընտրությունը կատարվում է ներկայումս գործող կարգով:

11. Կա՞ սպայական մեկամյա դասընթացի մասնակիցների առավելագույն քանակ։ Ի՞նչ չափանիշներով են ընտրվելու դասընթացի մասնակիցները։ Եթե մի մասնագիտությամբ չի հաջողվում ընդունվել, հնարավո՞ր է դասընթացն անցնել մեկ այլ մասնագիտությամբ։
Ոչ, չկա: Դասընթացն իրականացվում է մոտոհրաձիգ, հրաձիգ, հրետանավոր, կապավոր և ՀՕՊ մասնագետ մասնագիտություններով:

12. ՀՀ ՊՆ ներկայացրած բնակարանային ապահովման նոր ծրագիրը ե՞րբ է ուժի մեջ մտնելու։ Ի՞նչ փաստաթղթեր են պետք դրան մասնակցելու համար, ինչպիսի՞ն է դիմելու կարգը։
Համապատասխան որոշման նախագիծը նախատեսված է ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել 2018 թ. մարտ–ապրիլ ամիսներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *