Razm.info-ն առանձնացրել է 2017 թվականին Թուրքիայի ռազմական, ռազմաքաղաքական ոլորտներում առավել կարևոր իրադարձությունները: Ավարտվող տարում Թուրքիան ապահովեց իր անմիջական ներկայությունը Սիրիայում, գրեթե տրամաբանական ավարտին հասցրեց ՌԴ-ից Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը՝ դրան զուգահեռ վատացնելով ռազմաքաղաքական հարաբերությունները իր նատօյական դաշնակից Գերմանիայի հետ: Այս և այլ կարևոր թեմաների մասին ավելի մանրամասն՝ ստորև:
«Եփրատի վահան» գործողության ավարտ
2017 թ. մարտի 29-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ որոշվեց դադարեցնել Թուրքիայի զինուժի «Եփրատի վահան» գործողությունը Սիրիայի տարածքում: Գործողությունը տևեց շուրջ 7 ամիս՝ սկսած 2016-ի օգոստոսի 24-ից: Թուրքական պաշտոնական տվյալների համաձայն՝ «Եփրատի վահան» գործողության ընթացքում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 71 զինծառայող: Բացի այդ, Թուրքիայի զինուժը կորցրել է մի քանի միավոր «Լեոպարդ-2» տանկ, այլ զինտեխնիկա (որոշ տվյալներով՝ մինչև 10 միավոր):
Այս գործողության արդյունքում Թուրքիան կարողացավ մոտ 2000 քառ. կմ տարածք գրավել Սիրիայի հյուսիսում, որը ներկայում գտնվում է Թուրքիայի զինուժի և նրանց աջակցությամբ գործող «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո (կորիզը՝ Սիրիայի թուրքոմաններ): Թուրքական կողմը հայտնում է նաև այնտեղ ռազմաբազա ստեղծելու մասին, բացի այդ, Թուրքիան տեղի բնակչությունից «ոստիկանական ուժեր» է ստեղծում:
Ի սկզբանե որպես «Եփրատի վահան» գործողության նպատակ նշվում էր «Իսլամական պետություն» դեմ պայքարը: Ժամանակը ցույց տվեց, որ այն առնվազն հավասարաչափ նաև Սիրիայի քրդերի դեմ էր: Թուրքական զինուժը հաստատվել է Ազեզից Ջերաբլուս ընկած հատվածում՝ այդպիսով խոչընդոտելով Սիրիայի հյուսիսում քրդական 2 փաստացի ինքնավար շրջանների՝ կանտոնների միավորումը:
Բացի այդ, ֆիզիկական-ռազմական ներկայությունը Թուրքիայի ձեռքում լուրջ խաղաթուղթ է սիրիական ճգնաժամի հետ կապված բանակցային սեղանի շուրջ և Սիրիայի հետագա կոնֆիգուրացիայի քննարկումներում:
Իդլիբի գործողության սկիզբ
Միայն «Եփրատի վահանով» չավարտվեց թուրքական զինուժի ներկայությունը Սիրիայում: Սիրիայի հարցով Աստանայում բանակցությունների արդյունքում Թուրքիան Իրանի և Ռուսաստանի հետ ձեռք բերած համաձայնությամբ սկսեց տեղակայվել նաև Իդլիբ նահանգում: Թուրքական զորքերը սկսեցին Իդլիբ ներխուժել 2017-ի հեկտեմբերի 8-ից:
Չնայած Սիրիան մշտապես հայտարարում է, որ դեմ է իր տարածքում թուրքական զորքերի ներկայությանը, սակայն Թուրքիան կարծես դեռևս այդ տեղերում երկար է ծրագրում մնալ: Իրանի ԶՈւ ԳՇ պետը ևս հայտարարել է, որ Սիրիայի տարածքային ամբողջականությունը անհրաժեշտ է հարգել: Սակայն, այնքան էլ հավանական չէ, որ Թուրքիան զորք մտցներ Իդլիբ առանց կողմերի հետ վերջանական համաձայնության:
Բացի այդ, ասյօր բոլոր ուժերն են խոսում Սիրիայի «տարածքային ամբողջականության» պահպանումից, այդ թվում նաև Թուրքիան, սակայն հիմնական հարցը հենց այդ «ամբողջականության» ինչպիսի լինելն է: Փաստացի յուրաքանչյուր պետություն ստեղծում է իր ազդեցության գոտին ու ցանկանում իշխանության գլուխ տեսնել իրեն ձեռնտու ուժին:
Նշենք, որ Աստանայում համաձայնությունների արդյունքում Իդլիբում ստեղծվել է «ապաէսկալացման գոտի»: Այդ նահանգի սահմաններին նախատեսվում են տեղակայել նաև Իրանի և Ռուսաստանի:
Թուրքիան իր զինուժը կուտակում է մասնավորապես Իդլիբ-Աֆրին սահմանի երկայնքով: Պաշտոնական անկարան մշտապես հայտարարում է Աֆրինում քրդական ուժերի դեմ գործողություն իրականացնելու մասին և սպառնում է, որ «մի գիշեր հանկարծակի կարող են գալ»:
Սահմանադրական փոփոխություններ
2016թ. դեկտեմբերին՝ հուլիսյան ռազմական հեղաշրջումից հետո, Թուրքիայի իշխող կուսակցությունն առաջ քաշեց սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթ, որի 18 կետերը այդ երկրի խորհրդարանում ընդունվեցին 2017թ. հունվարին, իսկ ապրիլի 16-ին ընդունվեցին հանրաքվեով: Նոր փաթեթով բանակին վերաբերող փոփոխությունները հիմնականում հետևյալն են՝
- ԶՈւ ԳՇ պետը իր գործողությունների համար պատասխանատու կլինի ոչ թե վարչապետի, այլ՝ նախագահի առաջ;
- Զինվորական դատական համակարգը վերացվում է (բացառությամբ պատերազմական իրադրության);
- Բարձրագույն ռազմական խորհրդի բոլոր որոշումները կարող են քննարկվել քաղաքացիական դատարաններում;
- Հանվում է արտակարգ իրավիճակների դեպքում հայտարարվող ժամանակավոր իշխանության այն տեսակը, որը զինվորականներին տեղերում թույլ էր տալիս նաև քաղաքական իշխանության լծակները ստանալ (sıkıyönetim):
Քաղաքական մասով հիմնական փոփոխությունն այն էր, որ երկիրը վերջնականապես ընտրում է նախագահական կառավարման ձևը՝ ի տարբերություն նախկինում գործող խորհրդարանականի: Նախագահը ստիպված չի լինել անկուսակցական (2014 թ. Նախագահ ընտրվելուց առաջ Էրդողանը ֆորմալ դուրս էր եկել իշխող ԱԶԿ-ից):
Ս-400-ներ և ՀՕՊ այլ համակարգեր
2017 թ. Թուրքիան և Ռուսաստանը գրեթե բոլոր կետերով համաձայնեցրին Թուրքիային Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարման համաձայնագիրը: Դեկտեմբերի 29-ին կողմերն արդեն ստորագրել են համակարգերի ձեռքբերման համար Թուրքիային վարկի տրամադրման համաձայնագիրը:
Համակարգերի մատակարարման շուրջ բանակցությունները կողմերը սկսել էին դեռևս 2016 թ. հոկտեմբերից: 2017 թ. ընթացքում բանակցությունների ընթացքից տարբեր հայտարարություններ տարածվեցին, որոնց ռուսական կողմը պաշտոնապես հստակ պատասխան տվեց դեկտեմբերին: Այսպես՝
- Թուրքիան կգնի 4 դիվիզիոն Ս-400 (ՌԴ զինուժում մեկ դիվիզիոնում 8 արձակման կայան կա, սակայն մեր փորձը ցույց է տալիս, որ, կախված երկրից, այդ թիվը կարող է տատանվել);
- Համակարգերի համար Թուրքիան կվճարի 2,5 մլրդ դոլար, այդ թվում՝
- 45 տոկոսը սեփական հաշվից՝ որպես ավանդ,
- 55 տոկոսը՝ ՌԴ տրամադրելիք վարկից (վարկը կտրամադրվի ռուբլով, գնումները ևս ռուբլով կարվեն);
- Համակարգերը Թուրքիային կմատակարարվեն սկսած 2020 թվականից:
Հիմնական բաց խնդիրը մնում է Թուրքիայում այդ համակարգերի արտադրության տեղայնացումը: Չնայած թուրքական կողմի հայտարարություններին՝ ՌԴ-ն պաշտոնապես առայժմ հերքել է նման ելքի հնարավորությունը: Նաև գուցե այս պատճառով Թուրքիան չի դադարում ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցել եվրոպական, ինչպես նաև՝ ամերիկյան կողմերի հետ:
Տեղական ԱԹՍ-ները Թուրքիայի զինուժում
2017 թ. նոյեմբերի դրությամբ Թուրքիայի զինված ուժերը և ուժային մյուս երկու խոշոր կառույցներում տեղական արտադրության մեծ և միջին անօդաչու թռչող սարքերի քանակը.
- «Անքա» ԱԹՍ՝
- Հետախուզական՝ 3,
- Հարվածային՝ 2:
- «Բայրաքթար» ԱԹՍ՝
- Հետախուզական 23,
- Հարվածային՝ 15:
- Ժանդարմերիա՝
- 4 հետախուզական;
- 4 հարվածային:
- Ոստիկանություն՝
- 9 հետախուզական;
- 2 հարվածային:
2017 թվականից Թուրքիայում սկսեցին արտադրել նաև փոքր չափի մահապարտ ԱԹՍ-ներ, ինչի փորձը նախկինում չկար: Մայիսին Ստամբուլում անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ցուցադրվեցին «Ալփագու» և «Քարգու» դրոնները: Հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ԱԹՍ-ները նոյեմբերի վերջին կհանձնեն ուժային կառույցներին: Առայժմ այս ԱԹՍ-ները փորձարկվել են Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումներում:
Թուրք-գերմանական հակասություններ. «Ինջիրլիք» ավիաբազա
2017-ի հունիսին Գերմանիայի իշխանությունները որոշեցին Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայից դուրս բերել Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին և Tornado ինքնաթիռները: առիթն այն էր, որ Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ավիաբազայում Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին: Արդեն հուլիսի սկզբից Գերմանիան սկսեց դուրս բերել իր զինծառայողներին: Գերմանացի զինծառայողները և Tornado ինքնաթիռները տեղափոխվեցին Հորդանանի Ազրակ քաղաքի մոտ տեղակայված «Մուաֆակ Սալտի» ավիաբազա:
Թուրքական կողմը արգելել էր գերմանացի պատգամավորների այցն «Ինջիրլիք» այն պատճառաբանությամբ, որ Գերմանիան նախնական քաղաքական ապաստան էր տրամադրել Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և նրանց ընտանիքներին, ովքեր մեղադրվում են 2016 թ. հուլիսին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին ներգրաված լինելու համար: Միևնույն ժամանակ թուրքական կողմը արգելել էր Գերմանիայի պատվիրակության այցելել նաև Թուրքիայի Քոնիա նահանգում տեղակայված ՆԱՏՕ-ի ավիաբազայում ծառայող գերմանացի զինծառայողներին:
Բացի այդ, սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Թուրքիայում մարդու իրավունքների խիստ խախտումների պայմանավորված Գերմանիան դադարեցրել է խոշոր սպառազինության արտահանումը այդ երկիր: Գերմանական աղբյուրները նշում են նաև, որ Գերմանիան սառեցրել է զենքի վաճառքի բոլոր, այդ թվում՝ առկա և ծրագրվող գործարքները Թուրքիայի հետ:
Չնայած այս հայտարարություններին՝ այնուամենայնիվ կողմերը դեռևս շարունակում են ակտիվ համագործակցել ռազմական գնումների ոլորտում: Ինչպես կտեսնենք ստորև՝ Թուրքիան ԱՄՆ-ից հետո ամենամեծ ծավալով զենք-զինամթերք դեռևս հենց նույն Գերմանիա է արտահանում, Բեռլինն էլ իր հերթին դեռ շարունակում է զենք վաճառել Թուրքիային:
Ռազմական, ավիացիոն նշանակության արտադրանքների արտահանումներ
Թուրքիայի արտահանողների խորհրդի (Türkiye İhracatçılar Meclisi — TİM) տվյալների համաձայն՝ 2017-ի հունվար – նոյեմբեր ամիսներին Թուրքիան Ադրբեջանին մատակարարել է շուրջ 32,4 միլիոն ամերիկյան դոլար արժողությամբ ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ստացել էր 78,7 միլիոն դոլարի արտադրանք, այսինքն 2017-ին արտահանումը շուրջ 2 անգամ նվազել է:
Նույն ժամանակահատվածում Թուրքիան Վրաստան արտահանել է 4,8 մլն ամերիկյան դոլարի ռազմական-ավիացիոն արտադրանք: 2016-ին Վրաստանին մատակարարվել էր 5,1 միլիոն դոլարի արտադրանք:
2017-ի հունվար — նոյեմբեր ամիսներին Թուրքիան Իրանին մատակարարել է 4 մլն ԱՄՆ դոլարի ռազմական և ավիացիոն նշանակության արտադրանք: Նախորդ տարի Իրան արտահանումը կազմել է 5,3 մլն դոլար:
Infogram
2017-ին հունվար — նոյեմբեր ամիսների տվյալներով՝ Թուրքիայից ռազմական և ավիացիայի ոլորտում արտադրանքներ ներմուծած երկրների շարքում առաջատարներն են.
- ԱՄՆ — 623 մլն դոլար
- Գերմանիա — 190 մլն դոլար
- Հնդկաստան — 83 մլն դոլար
- Լեհաստան — 58,4 մլն դոլար
- Մեծ Բրիտանիա — 46,3 մլն դոլար
Infogram
Սկանդալ Նորվեգիայում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժության ժամանակ
Նորվեգիայում 2017-ի նոյեմբերի 8-17-ին անցկացվեց Trident Javelin – 2017 զորավարժությունը, որին մասնակցում էր նաև Թուրքիայի զինուժը: Սակայն հենց զորավարժության վերջին օրը՝ նոյեմբերի 17-ին, թուրքական կողմը հայտարարում է, որ հետ է կանչել ՆԱՏՕ-ի զորավարժությանը մասնակցող Թուրքիայի ԶՈւ 40 զինծառայողին:
Պատճառն այն էր, որ Սթավանգեր քաղաքում անցկացվող զորավարժության ընթացքում թիրախների վրա որպես «թշնամի են ներկայացվել» նաև Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը և ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Միջադեպից հետո, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ներողություն է խնդրել Թուրքիայի իշխանություններից: Միջադեպի հետ կապված մի քանի զինծառայող և քաղաքացիական ծառայող են հեռացվել: Ստոլտենբերգը հայտնել է, որ մեղավորները պատժվելու են:
Թուրքայի ԶՈւ արտասահմանյան ռազմաբազաները.
Կատար.
2017-ի հունիսի 7-ին Թուրքիայի խորհրդարանը ընդունել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների միջև դեռևս 2016-ի ապրիլին կնքված «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement) վավերացնող օրինագիծը: Նույն օրը համաձայնագիրը հաստատել է նաև Թուրքիայի նախագահը: Թուրքիան և Կատարը կնքել են ռազմական կրթության, արդյունաբերության և Կատարում թուրքական ռազմաբազա տեղակայելու մասին համաձայնագիր դեռևս 2015-ին:
«Իրականացման համաձայնագրի» վավերացումից անմիջապես հետո Թուրքիան սկսեց զորքեր և զինտեխնիկա ուղարկել Կատարի թուրքական ռազմաբազա: Բացի այդ Թուրքիայի և Կատարի զինված ուժերը արդեն մի քանի համատեղ զորավարժություն են անցկացրել: Հատկանշական է, որ թուրքական կողմը համաձայնագիրը վավերացրեց անմիջապես այն բանից հետո, երբ արաբական մի շարք երկրներ խզեցին դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով «ահաբեկչությանը և իրանական կառույցներին աջակցելու համար»:
Սոմալի.
2017-ի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Թուրքիան Սոմալիում բացելու է այդ երկում տեղակայված խոշորագույն արտասահմանյան ռազմաբազան: Ռազմաբազայի կառուցումը մեկնարկել էր դեռևս երկու տարի առաջ: Այն տեղակայված է 4 քառ. կմ տարածքում և հնարավորություն է տալիս միաժամանակ մարզել 1500 զինծառայողի: Արդեն օգոստոսի 22-ին Թուրքիայի զինված ուժերի զորախումբը ուղարկվել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշո: Թուրք զինծառայողները մարզում են աֆրիկյան այդ պետության զինված ուժերի զինծառայողներին:
Սուդան.
2017-ի դեկտեմբերրի 25-ին թուրքական լրատվակայքերից մեկը հայտնել է, որ Էրդողանի՝ Սուդան այցի ընթացքում այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը Թուրքիայի նախագահին կոչ է արել իրենց մոտ ռազմաբազա բացել: Այս տեղեկությունը այլ աղբյուրներ դեռ չեն հաստատել:
Նյութը կազմել են՝
Սոնա Սուքիասյան
Տարոն Հովհաննիսյան