Ադրբեջանում ռազմական բյուջեի զգալի մասը կրկին գնումներին ու հետազոտություններին է ուղղվում

Ադրբեջանի նախագահը հաստատել է պետբյուջեի մասին օրենքը, որով ռազմական ոլորտին 2018 թ. համար նախատեսվում է հատկացնել շուրջ 2 մլրդ 738 մլն մանաթ (շուրջ 1,62 մլրդ ԱՄՆ դոլար՝ դեկտեմբերի 29-ի փոխարժեքով): Հատկացումների գրեթե կեսը՝ 1,258 մլրդ մանաթ (~745 մլն դոլար) կուղղվի «հատուկ պաշտպանական նշանակության նախագծերի և միջոցառումների ծախսերին»: 

Այս ենթակետով նման խոշոր գումար առաջին անգամ հատկացվել էր 2017 թ.: Արդեն երկրորդ տարին է, ինչ որոշակի ենթակետերով, այդ թվում՝ «պաշտպանական ուժերի» հատկացումների նվազեցման հաշվին գումարներ են փոխանցվում նշված հետազոտական ծախսերի համար:

Ինչպես ենթադրել էինք նախորդ տարի՝ ամենայն հավանականությամբ խոսքը հենց ռազմական գնումների և ռազմարդյունաբերական նախագծերի մասին է: Սակայն չի բացառվում, որ այլ նախագծեր ևս իրականացվեն:

Հաջորդը ամենախոշոր գումարը փոխանցվում է պաշտպանության նախարարությանը՝ շուրջ 1,09 մլրդ մանաթ (~649 մլն դոլար՝ 29.12.2017 թ. փոխարժեքով): Սա մի փոքր ավելի քիչ է՝ քան 2017 թ. հատկացումները:

Շուրջ 152 մլն մանաթ (~90 մլն դոլար) էլ նախատեսվում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կարքիների բավարարման համար: Սա 13 մլն մանաթով ավելի է՝ քան 2017 թ.: Այս կառույցը հիմնականում զբաղվում է Ադրբեջանի՝ Իրանի, Վրաստանի, Ռուսաստանի հետ սահմանների պարեկությամբ, Կասպից ծովում ԶՈւ ռազմածովային ուժերի հետ ջրային տարածքների, կարևոր ենթակառուցվածքների պարեկությամբ: Ադրբեջանի ՊՍԾ որոշ զորամասեր բավականին մոտ են տեղակայված նաև Հայաստանի հետ սահմանին:

Պաշտպանական ոլորտի հատկացումներից շուրջ 112 մլն մանաթը՝ (66 մլն դոլար) ուղղվում է «ազգային անվտանգությանը»: Ըստ որում առյուծի բաժինը պետանվտանգության ծառայությանն է՝ ~92 մլն մանաթ, իսկ արտաքին հետախուզության ծառայությունը ստանում է ընդամենը 19,5 մլն մանաթ:

Հավելենք, որ 2018 թ. կրկին առանձին կետով գումար է հատկացվում աշխատավարձերի «թարմացման և սոցիալական այլ միջոցառումների» համար, ինչը հանվել էր ընթացիկ տարվա օրենքից:

Նշենք, որ 2018 թ. առաջին անգամ Ադրբեջանի ռազմական բյուջեն նախորդ տարվա համեմատ աճում է նաև մանաթով: Սակայն այն դեռևս դոլարային փոխարժեքով զգալիորեն զիջում է անգամ 2011-12 թթ. բյուջեին: Սա կապված է նավթի գնի անկումների և տեղական արժույթի՝ մանաթի շուրջ կրկնակի արժեզրկման հետ:

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2011-18 թթ.՝ դոլարով և մանաթով

Ադրբեջանի ռազմական բյուջեն 2011-18 թթ.՝ դոլարով և մանաթով

Աղյուսակ. Ադրբեջանի ռազմական բյուջեն 2015–18 թթ.՝ մլն մանաթով.

Բաժին 2015* 2016 23.II.16 2017  16.XI.16 2018
8.2. Պաշտպանություն 1779 2 229 2 642 2 739
8.2.1. Պաշտպանական ուժեր 1 651 2 115 1 270 1 366
8.2.2. Ազգային անվտանգություն 121.1 108.9 111.9 111.6
8.2.3. Պաշտպանության և անվտանգության ոլորտում կիրառական հետազոտություններ 2.8 2.4 2.6 2.6
8.2.4. Այլ դասերին չպատկանող ծախսեր 3.4 3.0 1 257.6 1 258

* 2015 թ. դեկտեմբերին հաստատվել էր բյուջեն՝ նավթի մեկ բարելը 90 ԱՄՆ դոլարի հաշվարկով, սակայն 2016 թ. սկզբին նավթի գնի կտրուկ անկումից հետո կատարվեց վերահաշվարկ: 2016 թ. փետրվարին բյուջեի վերանայված տարբերակում նավթի մեկ բարելի գինը հաշվել են 25 դոլարով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանը բյուջեի նախագիծը հաստատել էր ամսվա սկզբին: Ընթացիկ տարվա համեմատ ռազմական բյուջեն մանաթով աճում է շուրջ 3,7 տոկոսով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *