Իրան 2017. ռազմական ոլորտի կարևորագույն իրադարձությունները

Ռազմինֆոն անդրադարձել է 2017 թ. Իրանի կարևորագույն ռազմաքաղաքական իրադարձություններին. Ահաբեկչություն Թեհրանում ու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքար, ՊՆ, բանակի հրամկազմի փոփոխություն, բանակի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զորավարժություններ, նոր զինատեսակների ներկայացում, ԱՄՆ կոշտ քաղաքականությունն Իրանի նկատմամբ։

Իրանի բանակի ռազմածովային ուժերի զորավարժություն. Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում Դեր Զորում ԻՊ դիրքերի ուղղությամբ. Իրանի «Քարրար» տանկը. Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի մնացորդ

Իրանի բանակի ռազմածովային ուժերի զորավարժություն. Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում Դեր Զորում ԻՊ դիրքերի ուղղությամբ. Իրանի «Քարրար» տանկը. Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռի մնացորդ

Ահաբեկչություն Թեհրանում

Հունիսի 7-ին Իրանի մայրաքաղաք Թեհրանում «Իսլամական պետություն»  խմբավորման ահաբեկիչները հարձակվեցին խորհրդարանի շենքի և Իմամ Խոմեյնու դամբարանի վրա։ Հարձակումների հետևանքով սպանվեց 17, վիրավորվել՝ 52 մարդ։ Ահաբեկիչներին աջակցելու և նրանց ուղղորդելու համար Իրանը մեղադրեց  ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։

Ահաբեկչական գործողություններ Իրանում մինչ այս նույնպես եղել էին (միայն վերջին 2 տարվա ընթացքում երկրում 100-ից ավելի ահաբեկչական գործողություն է կանխվել), սակայն սա առաջինն էր, որ կազմակերպվել էր ԻՊ կողմից։

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իմամ Խոմեյնու դամբարանում. 07.06.2017,լուսանկարը «Թասնիմ» գործակալության

Ի պատասխան այս ահաբեկչական հարձակման՝ հունիսի 18-ի երեկոյան Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) երկրի Քերմանշահ և Քուրդիստան նահանգներից 6 միավոր մակերևույթ-մակերևույթ դասի միջին հեռահարության «Զոլֆաղար» հրթիռ արձակեց Դեր Զորում «Իսլամական պետության» դիրքերին։ Հրթիռներն անցել էին Իրաքի տարածքով և խոցել ԻՊ հրամանատարական կետը և զինանոցները։ Գործողությունը ստացավ «Լայլաթ ալ ղադր» (Ճակատագրի գիշեր) անվանումը։ Իրանն այդ ամենը համաձայնեցրել էր Սիրիայի, Իրաքի և Ռուսաստանի հետ։

Ահաբեկչական հարձակումներից հետո Իրանում սկսվեց նաև ահաբեկիչների «որս». ձերբակալվում էին տասնյակ մարդիկ, որոնք ոչ միայն ԻՊ զինյալներ էին, այլև Իրանի կողմից ահաբեկչական համարվող քրդական ընդդիմադիր կառույցների անդամներ։

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Իրանը «Զոլֆաղար» հրթիռ է արձակում ԻՊ դիրքերի ուղղությամբ

Նշանակումներ ռազմական գերատեսչությունում

2017թ. մայիսին Իրանում անցկացված ընտրությունների արդյունքում Իրանի նախագահ վերընտրվեց Հասան Ռոհանին։ Օգոստոսին նա երկրի խորհրդարանին ներկայացրեց  նոր կառավարության կազմը: Պաշտպանության նախարարի պաշտոնում Ռոհանին առաջադրել էր բրիգադային գեներալ Ամիր Հաթամիի թեկնածությունը, ում թեկնածություն էլ հաստատվեց խորհրդարանում։ Մինչ այդ Հաթամին Իրանի ՊՆ փոխնախարարն էր։

Նկատենք, որ 1993 թ. ի վեր Իրանում պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվել էին միայն ԻՀՊԿ-ից, իսկ Ամիր Հաթամին Իրանի բանակի ներկայացուցիչ է։ Իրանի արդեն նախկին պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանին երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին նշանակեց իր խորհրդական՝ ռազմական արդյունաբերության գծով:

Օգոստոսին Իրանի հոգևոր առաջնորդի հրամանագրով Իրանի բանակի հրամանատարի պաշտոնում նշանակվեց Աբդոլռահիմ Մուսավին, որին միաժամանակ շնորհվել էր գեներալ-մայորի զինվորական կոչում: Մուսավիի արդեն նախկին՝ Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալի պաշտոնին նշանակվեց գեներալ-մայոր Ատաոլլահ Սալեհին, որն էլ մինչ այդ զբաղեցնում էր Իրանի բանակի հրամանատարի պաշտոնը: 

Հոկտեմբերի 3-ին Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամիի հրամանով պաշտպանության նախարարի տեղակալ նշանակվեց բրիգադային գեներալ Ղասեմ Թաղիզադեն։

Նոյեմբերին Իրանի բանակի ռազմածովային ուժերի նոր հրամանատար նշանակվեց դերծովակալ Հոսեյն Խանզադին, ով այս պաշտոնում փոխարինեց դերծովակալ Հաբիբոլահ Սայարիին։ Հաբիբոլահ Սայարին իր հերթին նշանակվեց Իրանի բանակի հրամանատարի համակարգող տեղակալի պաշտոնում։ Իսկ այս պաշտոնը զբաղեցնող Մոհամմադ Հոսեյն Դադրասը նշանակվեց Իրանի բանակի փոխհրամանատարի պաշտոնում։

Դադրասը այս պաշտոնում փոխարինել է Ահմադ Ռեզա Փուրդասթանին, ով Իրանի բանակի փոխհրամանատարն էր 2016-ի նոյեմբերից։ 

Բանակի և ԻՀՊԿ զորավարժություններ

Տարվա ընթացքում Իրանը անցկացրել է նաև մի շարք խոշոր զորավարժություններ: Մասնավորապես հունվարի 23-27-ը Իրաքին սահմանակից Քերմանշահ նահանգում ԻՀՊԿ-ն անցկացրեց «Իմամ Ալի» զորավարժությունը, որի ընթացքում կիրառեցին Ռուսաստանից գնած ԱԿ-103 ավտոմատներ։

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

ԻՀՊԿ զինծառայողները ԱԿ-103 ավտոմատներով վարժանքներ են անցկացնում

Փետրվարի սկզբին ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը անցկացրին «Վելայեթի երկնքի պաշտպաններ» զորավարժությունը, որին ներգրավվել էին «Սու» կործանիչներ, տեղական արտադրության «Ղադիր»,  «Մաթլա օլ Ֆաջր», «Քավեշ»  ռադարային համակարգեր,  ՌԷՊ միջոցներ, 75 կմ հեռահարության «Խորդադ 3», «Սայյադ 2»  և 60 կմ հեռահարությամբ «Թաբաս» հրթիռային համակարգեր։

Փետրավարի վերջին ԻՀՊԿ-ն  անցկացրեց նաև «Փեյամբար է ազամ-11»  (Մեծն մարգարե) եռօրյա զորավարժությունը։ Զորավարժությանը կիրառվել են տեղական արտադրության «Միսաղ» շարժական զենիթահրթիռային համալիր, ներկայացվել տեղական արտադրության «Սաեղե»  կոչվող հակաուղղաթիռային ական։

Փետրվարի վերջին զորավարժություններ են անցկացրել նաև Իրանի բանակը և բասիջը։ Բանակի  «Վելայեթ-95» զորավարժության ժամանակ փորձարկվեցին տեղական արտադրության  նոր հրթիռներ, մասնավորապես՝ «Նասիր» թևավոր հրթիռը և «Դեհլավիեհ» հականավային, լազերային ճառագայթով կառավարվող հրթիռը։ Բասիջը վարժանքներն անցկացրել է երկրի 8 նահանգում։

Մեկ այլ խոշորամասշտաբ զորավարժություն («Բեյթ օլ մողադաս») Իրանի բանակը անցկացրել էր մայիսին։

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Իրանի բանակի ցամաքային ուժերի «Բեյթ օլ մողադաս» զորավարժությունը

Հուլիսին Կասպից ծովում անցկացվեց Իրանի բանակի ռազմածովային ուժերի հնգօրյա «Կայուն անվտանգություն և հզորություն-96» պլանային զորավարժությունը։ Զորավարժությանը փորձարկվել են տեղական արտադրության օպտիկական սարքեր, էլեկտրոնային սարքավորումներ, ՌԷՊ համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։

Տարվա ընթացքում Իրանի ռազմածովային ուժերը համատեղ վարժանքներ են անցկացրել նաև Չինաստանից, Ռուսաստանից, Պակիստանից բարեկամական այցով Իրան ժամանած նավախմբերի հետ։

Իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեի շուրջ ստեղված ճգնաժամի ֆոնին Իրաքյան Քրդստանի և Իրանի սահմանին համատեղ զորավարժություն են անցկացրել նաև Իրանի և Իրաքի զինված ուժերը։

Իրանի բանակի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում

Իրանի բանակի ՌԾՈւ-ն զորավարժություն է անցկացնում Կասպից ծովում

Նոր զինատեսակների ներկայացում

Տարվա ընթացքում Իրանում ներկայացրել են խորհրդային արտադրության զենքերի արդիականացված տարբերակներ, ինչպես նաև տեղական արտադրության տարբեր զինատեսակներ, այդ թվում՝ հրթիռ, ռազմանավ, ուղղաթիռ և այլն:

Փետրվարին Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրեց 5 տեսակի նոր զենք, այդ թվում՝ «Ֆաջր-5» կառավարվող հրթիռը, 40մմ տրամաչափով նռնականետ, «Միսաղ-3» շարժական զենիթահրթիռային համալիրը, 5.56×45 տրամաչափի «Մասաֆ» ավտոմատը և ատրճանակ։

Մարտին Բաղդադում  անցկացվող IQDEX-2017  միջազգային պաշտպանական արտադրանքների ցուցահանդեսում Իրանի ՊՆ պաշտպանական արդյունաբերության կազմակերպությունը ներկայացրեց «Փիրուզ» (թարգմ.՝ հաղթանակ) հակատանկային  հրթիռային համակարգը։ 

Մարտին Իրանը ներկայացրեց խորհրդային Տ-72-ի հիման վրա ստեղծված «Քարրար» տանկը: Տանկով հետաքրքրված են թե՛ ԻՀՊԿ-ն, թե՛ Իրանի բանակը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Իրանական արտադրության «Քարրար» տանկը

Մայիսին Իրանի ՊՆ-ն ներկայացրեց Իրանում արտադրվող/հավաքվող՝ Կալաշնիկով 133 ավտոմատը, 12.7 մմ տրամաչափի «Նասր» դիպուկահար հրացանը, «Վաասե 1» և «Նասր 2» ռադիոսարքավորումները։ Հունիսին Իրանը ցուցադրեց «Զոլֆաղար» ավտոմատը, որը ստեղծվել է G-36, ACR, FN SCAR ավտոմատների հիքի վրա։ 

Սեպտեմբերին Թեհրանում ցուցադրեցին տեղական արտադրության, մակերևույթ-մակերևույթ դասի նոր «Խորամշահր» հրթիռը։ Հրթիռի հեռահարությունը 2000կմ է, այդպիսով Խորամշահրը Իրանի՝ 2000կմ հեռահարություն ունեցող 3-րդ հրթիռն է՝ «Ղադր-Ֆ-ից», «Սաջիլից» հետո։

Սեպտեմբերի Իրանի բանակը ներկայացրեց նաև խորհրդային արտադրության ԲՏՌ-60 զրահափոխադրիչի,  Դ-30 հաուբիցի,  ԲՄ-21 «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արդիականացված տարբերակները։

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը (արդիականացված Դ-30 հաուբից)

Իրանի բանակի «Հեյդար-41» 122մմ հաուբիցը (արդիականացված Դ-30 հաուբից)

Հոկտեմբերին Իրանի բանակի ցամաքային ուժերը ներկայացրին 155մմ «Աշուրա» հրանոթը, որը  ամերիկյան արտադրության M114/39 հաուբիցի հիմքի վրա ստեղծված HM 41 հաուբիցն է՝ տեղակայված բեռնատար մեքենայի շասսի վրա։

Հոկտեմբերին Իրանում ներկայացրել են նաև տեղական արտադրության «Աֆաղ» ռադարային նոր համակարգը։ «Աֆաղը» ունակ է հետևել մինչև 200 կմ հեռավորության վրա գտնվող 200 նավի, ինչպես նաև օդային թիրախների։ Համակարգը կարող է միաժամանակ հետևել 100 ծովային թիրախի։

Տարվա ընթացքում Իրանը շահագործման է հանձնել նաև տեղական արտադրության առաջին  հետազոտական «Պարսից ծոց» նավը,  «Սաբա-248» ուղղաթիռը, «Սեփար» հրթիռային նավը։

Իրանի ՌԾՈւ «Սեփար» հրթիռային նավը Կասպից ծովում

Իրանի ՌԾՈւ «Սեփար» հրթիռային նավը Կասպից ծովում

ԱՄՆ կոշտ քաղաքականություն Իրանի նկատմամբ

2017-ին ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո ավելի սրվեցին իրանա-ամերիկյան՝ առանց այդ էլ լարված հարաբերությունները։ Թրամփը շարունակ հանդես էր գալիս Միջուկային համաձայնագիրը, Իրանի հրթիռային ծրագիրը քննադատող ելույթներով։ Թրամփն անգամ հայտարարեց, որ ԱՄՆ-ն կարող է միակողմանի դուրս գալ համաձայնագրից, սակայն Թրամփի քաղաքականությունը համաձայնագիրը ստորագրած մյուս երկրների կողմից աջակցություն չգտավ և արժանացավ քննադատական վերաբերմունքի։

ԱՄՆ-ն նաև Սաուդյան Արաբիայի հետ այդ երկրին  110մլրդ դոլարի սպառազինություն վաճառելու պայմանագիր կնքեց, որը, ըստ ամերիկյան կողմի հիմնավորման, թույլ է տալու ապահովել Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի տարածաշրջանի երկարաժամկետ անվտանգությունը՝ Իրանի «չարորակ ազդեցության» և Իրանի հետ կապված սպառնալիքների պայմաններում:

Շարունակելով Իրանի վրա ճնշում գործադրելու փորձերը՝ տարեվերջին «մեղադրանքների գրոհ» սկսվեց՝ առ այն, որ Իրանը, խախտելով ՄԱԿ ԱԿ 2231 և 2216 բանաձևերը, հրթիռներ է մատակարարում Եմենի ապստամբ հութիներին, ովքեր էլ այդ հրթիռներով հարվածում են Սաուդյան Արաբիային։ Նման մեղադրանքներ նախկինում նույնպես հնչում էին, սակայն այս անգամ դրանք «ուղեկցվում էին ապացույցներով». ԱՄՆ-ում ցուցադրեցին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդները և ներկայացրեցին այն «անհերքելի փաստերը», որոնք ապացուցում էին, որ այդ հրթիռները իրանական են։ Չնայած սրան՝ ՄԱԿ-ի հետազոտող խումբը նշում է, որ դրանց՝ իրանական լինելու մասով դեռ ապացույցներ չկան:

Տարվա ընթացքում ԱՄՆ-ն մի քանի անգամ պատժամիջոցներ է սահմանել իրանական տարբեր ընկերությունների, ֆիզիկական անձանց նկատմամբ (1, 2, 3, 4, 5, 6, 7 )։ Իրանն իր հերթին սահմանել է փոխադարձ պատժամիջոցներ (1, 2, 3 )։

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *