ՀՀ կառավարությունում այսօրվա՝ դեկտեմբերի 28-ի նիստում, չզեկուցվող կարգով ընդգրկված է եղել ֆուտբոլիստ Վահան Վարդանի Բիչախչյանին պարտադիր զինծառայությունից տարկետում տալու հարցը:
Մարզիկին տարկետումը կտրվի մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը (ծնված` 1999 թվականի հուլիսի 9-ին)։
Նախագծի հիմնավորուման մեջ նշվում է, որ Վահան Վարդանի Բիչախչյանը հանդես է գալիս Հայաստանի՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմում: Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջանում պարտադիր զինծառայության զորակոչից Վահան Վարդանի Բիչախչյանին տարկետում տալ:
Նշենք, որ ֆուտբոլով զբաղվող տարկետում ստացած անձինք մինչև տարկետման ժամկետի ավարտը Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականի կազմից դուրս գալու դեպքում կորցնում են տարկետման իրավունքը և զորակոչվում բանակ: