Սուդանից մի պատգամավոր Էրդողանին կոչ է արել բազա հիմնել իրենց մոտ

Թուրքական լրատվակայքերից մեկի տվյալներով՝ Էրդողանի Սուդան այցի ընթացքում այդ երկրի խորհրդարանի պատգամավորներից մեկը Էրդողանին կոչ է արել իրենց մոտ ռազմաբազա բացել: Տվյալ պատգամավորը խորհրդարանում փոքրամասնություն ներկայացնող կուսակցություններից մեկի փոխնախագահն է: Այս մասին հայտնում է «Թյուրքիե գազեթեսի» կայքը:

Թուրքիայի նախագահը և Սուդանի արտգործնախարարը

Թուրքիայի նախագահը և Սուդանի արտգործնախարարը

Այս տեղեկությունը չհաջողվեց այլ աղբյուրներից հաստատել: Սուդանի ղեկավարության հետ Էրդողանի հանդիպումների արդյունքներից նման լուր չի տարածվել: Կողմերը հիմնականում քննարկել են տնտեսական, բիզնես հարաբերությունների ընդլայնումը:

Թուրքիան առաջին երկիրը չէ, ում սուդանցիք առաջարկում են իրենց մոտ ռազմաբազա հիմնել: Շատ ավելի բարձր՝ նախագահի մակարդդակով, Սուդանը նման առաջարկ դեռ այս տարվա նոյեմբերին արել էր Ռուսաստանին, սակայն կողմերը կարծես դեռ համաձայնության չեն եկել:

Սուդանը 2011 թվականից բաժանվել է երկու մասի՝ Սուդան և Հարավային Սուդան: ԿՈղմերը ներկայում ևս հակամարտում են: Սուդանը վերահսկում է Կարմիր ծովի ջրային տարածքների մի մասը: Ամենայն հավանականությամբ՝ Սուդանի ղեկավարությունը փորձում է որևէ մի միջազգային տերության շնորհիվ մարզել իր զինուժը, գուցե հզորացնել ծովային ենթակառուցվածքները:

Դատելով բաց աղբյուրներում հրապարակված տեղեկատվությունից՝ Սուդանը Կարմիր ծովի ափին ընդամենը մեկ բազա ունի, որը լավ վիճակում չէ, ինչպես նաև շատ թույլ ռազմածովային ուժեր:

Reuters գործակալության տվյալներով՝ Սուդանի արտգործնախարարը նշել է, որ Թուրքիան կվերանորոգի Կարմիր ծովի ափին իրենց հին նավահանգիստը և շրջակա բնակավայրը:

Հավելենք, որ բազայի հարցը այս պահին կարող է խնդրահարույց լինել, քանի որ Թուրքիան այժմ բազա է կառուցում մեկ այլ աֆրիկյան պետության տարածքում: 2017 թ. Թուրքիան արտասահմանում իր երկրորդ բազան հիմնեց աֆրիկյան Սոմալիի տարածքում՝ մայրաքաղաք Մոգադիշոյի մոտակայքում:

Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան առհասարակ ակտիվացնում է իր քաղաքականությունն Աֆրիկայի տարածքում:

Ինչ վերաբերում է տնտեսական-քաղաքական հարաբերություններին, ապա Աֆրիկա այցի առաջին օերրին՝ դեկտեմբերի 22-ին, Թուրքիայի նախագահը աֆրիկյան լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում նշում է, որ եթե 2005 թ. իրենք Աֆրիկայում ունեին 12 դեսպանություն, ապա ներկայում ունեն 39 և նախատեսում են ավելացնել դրանք:

Հավելենք, որ մասնավորապես Սուդանի տարածքում նաև նավթային պաշարներ կան: Չի բացառվում, որ Թուրքիայի հետաքրքրության ոլորտում նաև հենց էներգակիրներն են, բացի այդ՝ նաև մասնավորապես իսլամադավան երկրների շրջանում իր հեղինակության, ազդեցության տարածքումը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *