Դեկտեմբերի 26-ին Թբիլիսիում կայացել է ՀՀ և Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի ու Լևան Իզորիայի հանդիպումը: Կողմերը քննարկել են առկա ռազմական համագործակցությունը և հեռանկարները: Հատուկ ուշադրություն են դարձրել ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում փոխգործակցությանը. Հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Դատելով հաղորդագրությունից՝ երկու երկրները ծրագրում են էլ ավելի զարգացնել ռազմական ոլորտում համագործակցությունը: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան հայկական կողմին առաջարկել է շարունակել կուրսերը Վրաստանի ՊՆ լեռնային պատրաստության «Սաչխերե» դպրոցում:
Երկու երկրների ՊՆ ղեկավարները նաև քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր, հայ և վրացի զինծառայողների մասնակցությունը միջազգային խաղաղապահական առաքելություներին:
Լևան Իզորիան նաև հույս է հայտնել, որ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները կմասնակցեն Վրաստանի տարածքում հաջորդ տարի անցկացվելիք Noble Partner և Agile Spirit միջազգային զորավարժություններին:
Հիշեցնենք, որ 2017 թ. ՀՀ ԶՈւ դաշտային հոսպիտալի անձնակազմը հոսպիտալի ներգրավմամբ մասնակցեց Noble Partner զորավարժությանը: Դրան զուգահեռ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները պարբերաբար պատրաստության կուրսեր են անցնում Սաչխերեի դպրոցում:
Հավելենք, որ Վիգեն Սարգսյանը Վրաստան է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում: