Դեկտեմբերի 25-ին հանդիպել են Վրաստան այցելած ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի հրամանատար, գեներալ Ռոբերտ Նելերը և Վրաստանի ՊՆ ղեկավար Լևան Իզորիան: Նրանք քննարկել են պաշտպանության ոլորտում վրաց-ամերիկյան համագործակցությունը և դրա շրջանակներում ծովային հետևակի կորպուսի դերը: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ ծովային հետևակի կորպուսի հրահանգիչները մարզում են «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցելու համար Աֆղանստան մեկնող վրաստանցի զինծառայողներին: Զինծառայողները պատրաստություն անցնում են ինչպես Վրաստանում, այնպես էլ Գերմանիայում:
Ամփոփվել են նաև համատեղ Agile Spirit զորավարժության արդյունքները: Կողմերը ցանկություն են հայտնել հաջորդ վարժանքներում ավելացնել նաև ծովային կոմպոնենտ:
Նշենք, որ հենց այս զորավարժության ժամանակ է առաջին անգամ Վրաստանում կիրառվել Javelin հակատակային հրթիռային համալիրները: Այս տարվա դեկտեմբերին էլ հայտնի դարձավ, որ Վրաստանը պլանավորում է գնել այդ համալիրներից: ԱՄՆ Պետդեպարտամենտը և Կոնգրեսն արդեն հավանություն են տվել գործարքին: