Թուրքիայում պայթյունի արդյունքում մահացել է 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են

Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառում Ժանդարմերիայի գումարտակի հրամանատարությանը կից ռազմաբազայում պայթյունի արդյունքում մահացել է 1 զինծառայող, ևս 2-ը վիրավորվել են: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Ըստ աղբյուրի՝ ձեռքի նռնակը պայթել է անզգուշության հետևանքով: Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:

Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավիճակներում ուժային կառույցներում աճում է նաև ոչ մարտական կորուստների քանակը:

Հաքքարի նահանգը Թուրքիայի ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Թուրք ուժայինները այդ նահանգում պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացնում:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Ըստ թուրքական T24 հեռուստալիքի կայքի տվյալների՝ Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *