Մանրամասներ «Ես եմ» ծրագրով ծառայության կարգից. ՀՀ կառավարություն

ՀՀ կառավարությունը ընդունել է որոշումներ, որոնցով հստակեցվել են «Ես եմ» ծրագրին մասնակցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ պայմանագիր կնքելու կարգը, զինծառայողների դրամական ապահովության կարգը և չափերը, նրանց հատկացվող իրային ապահովության չափաքանակները:

Պայմանագրի կնքման նախադրյալներից մեկը զինծառայողի առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու համար սահմանափակում չունենալն է, մյուսը՝ առնվազն հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական ունենալը։

Այսպիսով՝ զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:

Ծառայության ընթացքում դրամական ապահովությունը հաշվարկվում է ըստ կոչումների.

Կոչումը Ամսական (ՀՀ դրամ)
Ավագ 45 000
Ավագ սերժանտ 43 000
Սերժանտ 40 000
Կրտսեր սերժանտ 38 000
Եֆրեյտոր 36 000
Շարքային 35 000

Պատրաստության ավարտից հետո զորամասի ստորաբաժանման կազմում նշանակվում է իր ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի և նրան տրամադրվում է 10 օր արձակուրդ:

Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օր ժամկետով, որից հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներգրավվում է 14-օրյա մարտական հերթապահության։

Զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օր, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը:

Եթե զինծառայողը հրաժարվում է ամսական արձակուրդից կամ 7 օրից պակաս ժամկետով վերցնում այն, ապա զորամասում շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները՝ այդ ընթացքում սնվելով իր միջոցների հաշվին։ Արձակուրդայինի չօգտագործված օրերը լրացուցիչ չեն տրվում։

3 տարի ծառայություն անցնելուց հետո կամ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում ժամկետից շուտ ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով, չափով և տնօրինման ուղղություններով: Նշենք, որ խոսքը «Ես եմ» ծրագրով 5 մլն դրամի մասին է, որը որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում։

Եթե զինծառայողը ծրագրից հրաժարվում է վաղաժամկետ, տեղափոխվում է ծառայության այլ վայր և շարունակում պարտադիր զինծառայությունը: Իսկ ամսական արձակուրդի օրերը չեն հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինծառայության ընդհանուր ժամկետում։

Պայմանագիրը վաղաժամկետ  լուծարելու ժամանակ, եթե զինծառայողն արդեն անցել է 24-ամսյա ծառայություն, ապա նա զորացրվում է։

Պայմանագրի վաղաժամ լուծարվելու դեպքերից են․

  • Երբ զինծառայողը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվում։
  • Երբ զինծառայողն ինքնակամ է հրաժարվում։
  • Երբ զինծառայողը կատարած կարգապահական իրավախախտումների պատճառով մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 անգամ կարգապահական պատասխանատվության  է ենթարկվում։
  • Երբ զինծառայողը ծառայության ընթացքում առողջական վիճակով պայմանավորված ընդհանուր 50 օր մարտական հերթապահություն չի իրականացրել կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու սահմանափակում ունեցող է ճանաչվելու։ Սա բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մարտական հերթապահություն կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության բուժման պատճառով մարտական հերթապահություն չի իրականացրել:

Նախարարության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում զինծառայողը կարող է իր խախտված իրավունքները բողոքարկել վերադասության կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին կամ դատարան:

Կից փաստաթղթերում նախարարությունը նշում է, որ որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2017թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում: Նախագծերով նախատեսվող ծախսերի ֆինանսավորումն իրականացվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

Զինծատայողներին տրվելու են.

1) համազգեստի պարագաներ, վերնաշապիկ՝ երկարաթև, փողկապ, կոշիկ՝ կարճաճիտ, խրոմե, մարզակոշիկներ, հողաթափ՝ զորանոցային, հանդերձանք՝ 3 տարի ժամկետով.

2) կոստյում՝ ձմեռային, դաշտային, հատկացվում է 2 լրակազմ և 3 տարի ժամկետով.

3) ներքնաշոր՝ տաք, հատկացվում է 3 լրակազմ և 3 տարի ժամկետով:

One response to “Մանրամասներ «Ես եմ» ծրագրով ծառայության կարգից. ՀՀ կառավարություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *