Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան դեկտեմբերի 21-ի բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ զինուժի զինծառայողների մի մասը Սիրիայում կշարունակի մնալ մարտական պատրաստության «լրիվ աստիճանի» վիճակում: Հայտարարությունը փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Շարունակվում է ռուսաստանյան զորախմբի վերադարձման գործընթացը մշտական տեղակայման վայրեր: Ընդ որում, մի մասը մնալու է Սիրիայում մարտական պատրաստության «լրիվ» աստիճանում, որպեսզի օգնի սիրիացի զինվորականներին կանխարգելել ահաբեկիչների ընդհատակյա հարձակումները, թույլ չտալ մնացած ահաբեկիչներին անցնել հարևան պետությունների տարածք, այնտեղից էլ տարածաշրջանի և աշխարհի այլ երկրներ», – հայտարարել է Զախարովան:
Ըստ Զախարովայի՝ չնայած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ջախջախմանը, ահաբեկչական գործողությունների մեծ վտանգ է առկա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Այս մասին Պուտինը հայտարարել է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա այցելության ընթացքում։ Այնուհետև ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ արդեն սկսել են դուրս բերվել:
Ռուսաստանը իր ավիախումբը տեղակայել է Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից։ Ռուսաստանյան ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։