Լոնդոնում լույս տեսնող «համաարաբական» (պաղեստինցի փախստականների հիմնադրած) «Ալ Ղուդս ալ-Արաբիա» («Արաբական Երուսաղեմ») պարբերականը հայտնել է, որ վերջին 3 տարում Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում սպանվել է Իրաքի շուրջ 35 հազար ուժային: Փոխանցում է իրանական Fars News լրատվակայքը:
Ըստ նույն տվյալի՝ շուրջ 35 հազար ուժային էլ վիրավորվել է: Արաբական պարբերականին հայտնել է «անանուն աղբյուր»: Նշենք, որ այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել:
Նշված հաշվարկներում ներառվել են Իրաքի բանակի, ոստիկանության, «Հաշդ ալ-Շաաբի» խմբավորման, և հակահաբեկչական պայքարի ծառայության զինծառայողները:
Նշենք, որ այսպիսով հաշվարկում չկան նույնպես դե-յուրե Դաշնային Իրաքի մաս կազմող քրդական ռեգիոնալ կառավարության Փեշմարգա զորաջոկատները, որոնք ևս մեծ թվով կորուստներ են ունեցել ԻՊ դեմ պայքարում, այդ թվում՝ Մոսուլի ազատագրման ժամանակ գործելով Իրաքի նշված ուժերի հետ համատեղ:
Հիշեցնենք, որ ԻՊ-ն Իրաքի տարածքի զգալի մասը գրավել էր արդեն 2014 թ.: Միայն 2017 թ. ընթացքում Իրաքի բանակը, նշված Իրաքի կառավարամետ ” իրանամետ խմբավորումը, քրդական ուժերը կարողացան երկրի տարածքը գրեթե ամբողջությամբ մաքրել ԻՊ խոշոր ստորաբաժանումներից: