Սահմանամերձ համայնքների հանձնաժողովը ամփոփել է 2017 թվականի արդյունքները

Դեկտեմբերի 20-ին անցկացվել է սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ընթացքում նշվել են 2018 թվականի աշխատանքային գերակա ուղղություններն ու ծրագրերը։Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Միջգերատեսչական հանձնաժողովի անդամները ներկայացրել են 2017 թվականին սահմանամերձ համայնքներում իրականացված ծրագրերն ու միջոցառումները:

Զեկուցվել է, որ անցնող տարում քայլեր են ձեռնարկվել սահմանամերձ բնակավայրերի անվտանգության ապահովման, գործարար միջավայրի ձևավորման, շրջկենտրոնների և սահմանամերձ համայնքների միջև առկա զարգացման անհամամասնության հնարավորինս կրճատման, առկա սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ։

Վիգեն Սարգսյանը հայտնել է, որ հաջորդ տարի հանձնաժողովի համար առաջնային կարևորության հարցը մնալու է սահմանամերձ համայնքների բնակիչների անվտանգության ապահովումը՝ կարևորելով նաև սոցիալական հաջողված նախաձեռնություններին զուգահեռ ներդրումային կոնկրետ ծրագրերի ապահովումն ու սահմանամերձ համայնքներում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը։

Հանձանաժողովի նախորդի նիստն անցկացվել էր դեկտեմբերի 12-ին: Ամփոփվել էին ՊՆ, ԱՆ, տարածքային կառավարման նախարարների հրամանով ստեղծված՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացը:

Ավելի վաղ՝ ամռանը, ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ նախարարությունը սահմանամերձ համայնքների խնդիրների լուծման ուղղությամբ աշխատում է նաև միջազգային գործընկեր կառույցների, հասարակական կազմակերպությունների հետ, որոնք սահմանամերձ համայնքներում վերջին տարիներին ծրագրեր են իրականացրել:

«Մենք փորձում ենք փոխադարձ ըմբռնումով հասկանալ, որ խնդիրը որտեղ ինչպես պետք է լուծենք: Ավելի արագ և ավելի արդյունավետ, հստակ ժամանակակացույց ենք կազմում: Եվ կարծում եմ, որ շատ կարճ ժամանակահատվածում կարողանալու ենք մատնանշել, թե որ համայնքում որ խնդիրն է առաջնահերթ», — մասնավորապես նշել է պաշտպանության նախարարը:

Նշենք, որ սահմանամերձ համայնքներում համակարգման ենթակա հարցերի լուծման նպատակով միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է փետրվարի 13-ին՝ ՀՀ վարչապետի որոշումով:

Հանձնաժողովը հիմնականում զբաղվում է սահմանամերձ համայնքներում պաշտպանական հարցերով, այդ թվում նաև սահմանամերձ համայնքների դպրոցների և մանկապարտեզների դիմաց պատնեշների, հակառակորդի հրետակոծությունից պատսպարվելու նպատակով թաքստոցների կառուցմամբ, ինչպես նաև իրադրության սրման դեպքում բնակիչների կողմից պահակային ծառայություն իրականացնելու նպատակով զենքի տրամադրմամբ:

Հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, հանձնաժողովի կազմում են նաև մի շարք նախարարների տեղակալներ: Հանձնաժողովի գործունեությանը կարող եք հետևել այստեղ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *