Աստանայում մեկնարկել է Սիրիայի հարցով բանակցությունների հերթական փուլը

Դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մեկնարկել է սիրիական ճգնաժամի հարցով բանակցությունների հերթական՝ 8-րդ փուլը: Ավելի վաղ Աստանա են ժամանել բանակցությունների մասնակցող երկրների ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Բանակցություններին մասնակցում են Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի ներկայացուցիչները, որոնք համարվում են բանակցությունների երաշխավոր երկրները, ինչպես նաև Սիրիայի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներ, դիտորդներ ԱՄՆ-ից և Հորդանանից:

Հիշեցնենք, որ Աստանային բանակցություններից առաջ, հանդիպումներ են եղել նաև Ժնևում: Դեկտեմբերի 14-ին Սիրիայի համակարտության հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆֆան Դե Միստուրան հայտարարել է Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում իրենք չեն հասել իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

Աստանայի բանակցությունների ընթացքում կողմերը եկել են համաձայնության Սիրիայում 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ: Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *