Դեկտեմբերի 19-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են երկրի նախագահի պահպանության գնդում ծառայող ավագ լեյտենանտներից մեկին: Այս մասին հայտնում է թուրքական Yeni Akit լրատվակայքը:
Ձերբակալման օրդերը տվել է Թուրքիայի Այդըն նահանգի դատախազությունը: Ավագ լեյտենանտին մեղադրում են 2016-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու և Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի անդամ» լինելու համար:
Դեկտեմբերի 12-ին Այդընի դատախազությանը հրամանով ձերբակալվել է Թուրքիայի ԶՈւ 22 ծառայող, այդ թվում նաև գնդապետներ, փոխգնդապետներ և «իմամ քարոզիչներ»: Ըստ աղբյուրի՝ ձերբակալածներից մի քանիսը 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից մի քանի օր առաջ հանդիպել են ռազմաօդային ուժերի նախկին հրամանատար Ադիլ Օքսյուզին, որը համարվում է հեղաշրջման փորձի գլխավոր կազմակերպիչներից մեկը:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիսին Անկարայի դատախազությունը նախագահի պահպանության գնդի անձնակազմից 534 մարդու նկատմամբ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացությունը ուղարկել է Անկարայի ծանր հանցագործությունների դատարան: Դեռևս հայտնի չէ, թե ձերբակալվածներից յուրաքանչյուրի նկատմամբ ինչ պատիժ է կիրառվելու:
2016-ի հուլիսի 15-16-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ:
Ձերբակալություններից ու հեռացումներից հետո զինված ուժերում և այլ կառույցներում զինծառայողների պակաս է նկատվում։ Չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ուժային կառույցները նոր զինծառայողներով համարելու մասին, այնուամենայնիվ դեռևս առկա է հատկապես սպաների և ռազմական օդաչուների պակաս։