Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչության (ՊԱԳՎ) պետը հայտնել է, որ թուրքական զինուժում այս պահին կա տեղական 43 ԱԹՍ, 26 միավոր T-129 Atak հարվածային ուղղաթիռ, ավելի քան 630 միավոր տեղական 3 տեսակի զրահամեքենա: Փոխանցում է թուրքական «Էն Սոն Հաբեր» լրատվակայքը:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ մինչ օրս Թուրքիայի զինված ուժերին մատակարարվել է՝
- Ավելի քան 100 միավոր «Քիրփի» զրահամեքենա,
- Շուրջ 300 «Կոբրա» զրահամեքենա,
- Շուրջ 230 «Էժդեր Յալչին» զրահամեքենա:
Թուրքիան նաև արտահանում է նշված զրահամեքենաները: Օրինակ «Կոբր»-ներ կան Ադրբեջանի ներքին գործերի նախարարության ներքին զորքերում, «Էժդեր» զրահամեքենաներ Վրաստանում և այլն:
Մասնավորապես նշված երեքը հիմնականում կիրառվում են «Քրդստանի աշխատավորական կուսակցության»` PKK դեմ պայքարում: Ըստ որում թուրքական զինուժի կորուստների մեծ մասը ևս ինքնաշեն պայթուցիկներիով տվյալ զրահամեքենաների պայթեցման հետևանքով են լինում:
- PKK-ի զինյալները Մուշում պայթեցրել են «Քիրփի» զրահամեքենա. (արխիվ)
- Թուրքական «Քիրփի» զրահամեքենաներ
- Ականի վրա պայթած «Կոբրա» թեթև զրահամեքենան
- Թուրքական արտադրության Ejder Yalçın զրահամեքենա
Թուրք պաշտոնյան նաև նշել է, որ Թուրքիայի զինուժին արդեն հանձնել են 27-րդ T-129 Atak հարվածային ուղղաթիռը: Այն Թուրքիայում հավաքվում է իտալական ուղղաթիռի լուծումներով: Ներկայում նման ուղղաթիռներ կան միայն Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերում, սակայն ապագայում կարող են հայտնվել նաև ժանդարմերիայի և ոստիկանության սպառազինությունում:
- Թուրքական TAI ընկերության T129 Atak հարվածային ուղղաթիռներ
- Թուրքական Turkish Aerospace Industries (TAI) ընկերության արտադրության T129 Atak («Աթաք») հարվածային ուղղաթիռը
Այս պահին թուրքական զինուժի սպառազինությունում կա 43 միավոր տեղական անօդաչու թռչող սարք: Ըստ ՊԱԳՎ պետի՝ դրանցից ընդամենը շուրջ 10-ն են հարվածային:
Նոյեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ թուրքական զինուժի սպառազինությունում կա 5 միավոր «Անքա» ԱԹՍ, որից 2-ը հարվածային, ինչպես նաև 38 միավոր «Բայրաքթար» ԱԹՍ, որից 15-ը հարվածային:
Բացի այդ, նշված անօդաչուներից կան նաև Թուրքիայի ոստիկանության և ժանդարմերիայի սպառազինությունում. ընդհանուր առմամբ՝ 19 միավոր: Սրան զուգահեռ, թուրքական զինուժն ու այս կառույցներն իրենց տրամադրության տակ ունեն նույնպես թուրքական արտադրության փոքր ԱԹՍ-ներ, որոնք հաշվարկում ներառված չեն: