Թուրքական կործանիչի շարժիչի համար կմրցեն Rolls-Royce-ն ու թուրքական TEI-ն

Դեկտեմբերի 15-ին «Թուրքիայի ավիաշինական արդյունաբերություն» ( TAI) շարժիչաշինական ընկերությունը (TEI) հայտ է ներկայացրել տեղական TF-X կործանիչի շարժիչների արտադրության համար: TEI-ն կմրցի Rolls-Royce-ի և թուրքական Kale-ի համատեղ ընկերության հետ, որը ստեղվծել է մի քանի ամիս առաջ:  Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է թուրքական մասնագիտացված C4Defence լրատվակայքը:

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Թուրքիայի տեղական կործանիչի եռաչափ պատկերը

Հատկանշական է, որ այս տեղեկության տարածումից մի քանի օր առաջ կործանիչի շարժիչի համար մրցույթից հրաժարվել էր Eurojet եվրոպական ռազմարդյունաբերական ընկերությունը:

Ինչպես կործանիչը, այնպես էլ շարժիչը՝ դեռ չստեղծված արդեն իսկ մի քանի հիմնական կապալառու են «փոխել»:

2013-ին Թուրքիան կործանիչի ստեղծման համար համաձայնագիր էր կնքել շվեդական «Սաաբ» (Saab) ընկերության հետ: Այս գործարքը չստացվեց, ինչից հետո թուրքական կողմը համագործակցության գնաց բրիտանական BAE ընկերության հետ: Կործանիչի ստեղծման ուղղությամբ համատեղ կաշխատեն BAE-ն ու թուրքական TAI-ն:

Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա դեռևս 2017 թ. մայիսից շարժիչի արտադրության մրցույթին մասնակցելու նպատակով համատեղ ընկերություն հիմնելու աշխատանքներ էին սկսել թուրքական Kale և բրիտանական Rolls-Royce ընկերությունները: Համատեղ ընկերության 49 տոկոսը կպատկանի բրիտանական, իսկ 51 տոկոսը՝ թուրքական ընկերությանը:

Ինչպես արդեն նշեցինք, մրցույթին պետք է մասնակցեր նաև Eurojet-ը, որը հետագայում հրաժարվեց:

Այսպիսով, այս պահին հայտնի է, որ կործանիչի արտադրությամբ պետք է զբաղվեն բրիտանական BAE-ն և թուրքական TAI-ն, իսկ շարժիչի համար կպայքարեն մի կողմից Kale-ի ու Rolls-Royce-ի համատեղ ընկերությունը, մյուս կողմից՝ TEI-ն:

Թուրքիայում նախատեսում են այս կործանիչի առաջին նախատիպը թողարկել 2023 թվականին, իսկ զորքերին մատակարարել՝ արդեն 2030-ական թթ. սկզբից: Ըստ Jane’s պարբերականի կայքի՝ Թուրքիան նախատեսում է այս կործանիչն ամերիկյան F-35-ի հետ շահագործել մինչև 2070-ական թթ.: Հաշվի առնելով, որ առայժմ կործանիչը դեռևս նախագծման նախնական փուլում է, 2023 թ., համենայն դեպս այս պահին, այդքան էլ իրատեսական չի թվում:

Հավելենք, որ թուրքական լրատվակայքերից մեկը վերջերս նաև ներկայացրել էր կործանիչի նախատեսվող մարտավարատեխնիկական բնութագրերը՝

  • Երկարությունը՝ 19 մ,
  • Թևերի բացվածքը՝ 12 մ,
  • Թռիչքի հեռավորությունը՝ 1-100 կմ,
  • Առավելագույն արագությունը՝ 2 մախ (շուրջ 2450 կմ/ժ),
  • Առաստաղը՝ 17 կմ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *