Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը մասնակցել է Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը: Այս անգամ ՀՀ ԱԻՆ քաղաքային ստորաբաժանումներին տրամադրվել է 11 միավոր «Գազել» մակնիշի առաջին օգնության փրկարարական մեքենա: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Տրամադրված մեքենաներից 5-ը АПП 035 (автомобиль первой помощи՝ «առաջին օգնության մեքենա») է.
- Շուրջ 500 լիտր տարողությամբ ջրային և փրփուրային բակ,
- կահավորված է ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով:
Մյուս 6 միավորը՝ АПП 02.
- Շուրջ 250 լիտր տարողությամբ ջրային ու փրփուրային բակ,
- նախատեսված է տարբեր իրավիճակներում փրկարարական աշխատանքներ կատարելու համար:
Այս մեքենանները նախորդների նման կահավորված են հատուկ փրկարարական տեխնիկայով և սարքավորումներով՝ փրկարարական սղոց, հիդրավլիկ աքցան ու մկրատ, հոսանքի գեներատորներ, պոմպեր և այլն՝ քաղաքային պայմաններում ճանապարհատրանսպորտային պատահարներին և կենցաղային նշանակության կանչերին արձագանքելու համար:
Մեքենաները կարող են տեղափոխել 6-7 հոգանոց անձնակազմ:
Այս խմբաքանակի մեքենաները կհատկացվեն ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքային տարբեր ստորաբաժանումների՝ մասնավորապես հանրապետության մեծ քաղաքներին:
ՀՀ ԱԻն հաղորդագրությունում նշվում է, որ, համաձայն ՀՀ և ՌԴ միջև ձեռքբերված պայմանավորվածության, 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին կենտրոնին տրամադրվել էր հատուկ տեխնիկայի ևս մեկ խմբաքանակ, այդ թվում՝
- «Струна-2» համալիր,
- 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա,
- ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար,
- նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ,
- 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք,
- ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա: