ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը դեկտեմբերի 18-ին այցելել է «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի տարածքում վիրավոր և հաշմանդամ զինծառայողների համար կառուցվող վերականգնողական կենտրոն, որի բացումը նախատեսված է 2018 թվականի հունվարի 28-ին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Վիգեն Սարգսյանը ծանոթացել է լայն թափով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին:
Հանդիպման ընթացքում Պաշտպանության նախարարին ներկայացվել է նաև «Մեկ պատուհան» աշխատանքային նախագիծը և դրա իրականացման հնարավորությունը: Քննարկվել են առաջիկայում բացվող կենտրոնի շինարարությանը վերաբերող, ինչպես նաև աշխատանքային այլ հարցեր:
Ավելի վաղ «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը հայտնել էր, որ զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի նախաձեռնության շրջանակներում նախատեսվում է իրագործել «Մեկ պատուհան» ծրագիրը: Զինհաշմանդամին, նրա ընտանիքին աջակցելիս տարբեր գերատեսչությունների հետ ամբողջ թղթաբանությունն արվելու է մեկ պատուհանի միջոցով:
Հայկուհի Մինասյանի խոսքով՝ վիրավոր զինծառայողների վերականգնողական կենտրոնի բացումը նախատեսված էր սեպտեմբերին, սակայն ծրագրի ժամկետներից շեղվել են: Նախ սպասում են բավական թանկ արժողությամբ սարքավորումների, որոնք, ամենայն հավանականությամբ, կլինեն մի քանի ամսից, դրանից բացի, կենտրոնի համար նախատեսված տարածքներն են ավելացել:
«Զինվորական հաշմանդամների և վիրավոր զինվորների աջակցության» կենտրոնում համալիր վերականգնողական բուժում են ստանալու վիրավոր, հաշմանդամություն ունեցող զինծառայողները, ցուցաբերվելու է հոգեբանական աջակցություն, իրականացվելու են նաև ուսումնական ծրագրեր: