Երեք ամսվա ընթացքում Սիրիայի Հոմս նահանգում ստեղծված «ապաէսկալացման գոտում» տարբեր զինված խմբավորումների շուրջ 500 զինյալ զենքը վայր է դրել և հանձնվել: Այս մասին հայտնել է Սիրիայում ռուսաստանյան հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար Սերգեյ Ժմուրին. փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հրամանի համաձայն՝ բոլոր այն շրջանների բնակիչները, որոնք գտնվել են զինյալների ձեռքում կարող են միանալ հաշտեցման գործընթացին և վերականգնել իրենց կարգավիճակը, այդ թվում նաև զինյալները: Սիրիայի նախագահը համաներում է շնորհում բոլոր այն զինյալներին, ովքեր համաձայնվել են զենքը վայր դնել և միանալ հաշտեցման գործընթացին:
Զինյալները իրենց կարգավիճակը կարող են վերականգնել միայն մեկ անգամ և ներում ստանալուց հետո պարտավորվում են չմասնակցել զինյալ խմբավորումների գործողություններին:
Հաշտեցման գործընթացի և կարգավիճակը վերականգնելու համար մայրաքաղաք Դամասկոսում ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Ըստ աղբյուրի՝ ավելի քան 20.000 մարդ այս գործընթացի մաս է դարձել արդեն:
Նշենք, որ Սիրիայում հակամարտության կարգավորման համար գործում են 2 հարթակներ՝ Աստանայի և Ժնևի բանակցությունները: Աստանայի բանակցությունների ընթացքում կողմերը եկել են համաձայնության Սիրիայում 4 «ապաէսկալացման գոտի» ստեղծելու վերաբերյալ:
Սիրիայում գործում է 4 «ապաէսկալացման գոտի»։ Այդ գոտիներից մեկը ստեղծվել է Սիրիայի հյուսիսում՝ Իդլիբ նահանգում, որում ընդգրկված է նաև Համա նահանգի մի մասը, երկրորդը՝ Հոմս քաղաքից հյուսիս, երրորդը՝ Արևելյան Գուտայում և Դամասկոսի հարակից հատվածներում, չորրորդը՝ Դառաա նահանգում՝ սիրիա-հորդանանյան սահմանին:
Աստանայում բանակցությունների և Սիրիայում հրադադարի պահպանման երաշխավոր երկրներն են համարվում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը: