Իրանը ցանկանում է ուսումնասիրել հութիների՝ Սաուդյան Արաբիա արձակած հրթիռի մնացորդները

Իրանի պաշտպանության նախարարությունը կբողոքի ՄԱԿ-ին և կպահանջի ուսումնասիրության նպատակով Իրանին տրամադրել Վաշինգտոնում ներկայացված Եմենի հութիների՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի ուղղությամբ արձակած հրթիռի մնացորդները, որոնք, ըստ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի, իրանական արտադրության են։Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին։

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Սաուդյան Արաբիային հութիների հարվածած հրթիռի մնացորդ

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել էր նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։

Հեյլիի խոսքերով՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին»։

Բալիստիկ հրթիռների մնացորդներից բացի ներկայացվել էին նաև ԱԹՍ-ի, հակատանկային կառավարվող հրթիռի մնացորդներ, որոնք, ըստ ներկայացուցչի, նույպես իրանական են։

Հրթիռների իրանական լինելը «ապացուցված» համարելով, Հեյլին հայտարարել էր, որ այդ կերպ Իրանը խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 և 2216 (արգելում է Եմենի հութիներին զենք մատակարարել՝ խմբ.) բանաձևերը և անօրինական կերպով զենք է մատակարարում Եմենին։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նաև հայտնել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է հնարավորություն տալ այլ երկրների փորձագետներին ուսումնասիրել այդ զենքերի մնացորդները։

Նիքի Հեյլիի ելույթից հետո (ինչպես նաև ավելի վաղ)  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի մասնագետները ուսումնասիրում են՝ ինչքանով են հավաստի  այն տեղեկությունները, որ Իրանը հութիներին բալիստիկ հրթիռներ է մատակարարում։

Ելույթից հետո Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նույնպես հայտարարել էր, որ Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքների կապակցությամբ Իրանը կբողքի ՄԱԿ-ին։

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդի և իրանական «Ղիամ 1» հրթիռի համեմատությունը ներկայացնող լուսանկար

Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդի և իրանական «Ղիամ 1» հրթիռի համեմատությունը ներկայացնող լուսանկար

Ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին, հայտնում էր, որ ՄԱԿ-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրում են Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ  հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին արձակված հրթիռների մնացորդները, չեն հաստատում, որ այդ հրթիռները իրանական արտադրության են։ Այնուամենայնիվ մասնագետները շարունակում են իրենց ուսումնասիրությունները։

Ըստ գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը զեկույցում նշում է,  հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռները ունեն կառուցվածքային և արտադրական ընդհանրություններ, որը ենթադրում է, որ դրանք «ընդհանուր ծագում» ունեն։

«Ընդհանուր ծագում» ասելով Գուտերեշը նկատի ունի «Սկադ» հրթիռները։ Իրանական «Ղիամ 1» հրթիռը նույնպես «Սկադի» տարբերակներից է։

Նոյեմբերի 4-ին հութիները «Բորքան-2» հրթիռներ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները։

Միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ հրթիռային հարձակումը Իրանի սադրանքով է արվել։ Ըստ կոալիցիայի՝ այդ և հուլիսի 22-ի հարձակումը իրանական հրթիռներով է արվել։ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԱՄՆ-ն։

Կոալիցիան կազմել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ Իրանը սպառազինություն է մատակարարում հութիներին և «ապացուցվում», որ  մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական են. փաստաթղթում ներկայացվել են իրանական «Ղիամ-1» հրթիռի  և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդների նույնությունը մատնանշող  լուսանկարներ։

Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները Իրանն անմիջապես հերքել էր։

Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։

Այնուամենայնիվ լրատվամիջոցներում մշտապես տարբեր տեղեկություններ են հայտնվում Իրանի զենքի մատակարարումների մասին (12):

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

«Ղիամ-1» հրթիռը արձակման պահին

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *