Սիրիայում սպանվել է ԻՊ դաշտային հրամանատար, Վրաստանի քաղաքացի

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դաշտային հրամանատարներից Գեորգիի Մարգոշվլին, ով հայտնի է նաև Ֆեյզուլա Կուշտանաշվիլի անունով: Նա ծնունդով եղել է Վրաստանից՝ Պանկիսի կիրճից: Այս մասին հայտնում է վրաստանյան Reginfo լրատվակայքը:

ԻՊ դաշտային հրամանատար Գեորգիի Մարգոշվլին

ԻՊ դաշտային հրամանատար Գեորգիի Մարգոշվլին

Մարգոշվիլին ահաբեկչական գործունեությամբ է զբաղվել նաև Վրաստանի տարածքում, սակայն 2012-ին նրան հաջողվել է տեղափոխվել Սիրիա, որտեղ էլ միացել է «Իսլամական պետությանը»: 2013 թվականից Մարգոշվիլին «Ջեյշ ալ-Մուհաջիրին ալ-Անսար» խմբավորման ղեկավարումն է ստանձնել, այն բանից հետո, երբ նախկին հրամանատար և նույնպես Վրաստանի քաղաքացի Թարխան Բատիրաշվիլին «Իսլամական պետությունում» նշանակվել է այլ պաշտոնի:

2015-ին ԻՊ-ն տեսագրություն էր տարածել, որում Մարգոշվիլին կոչ էր անում միանալ այսպես կոչված «Կովկասյան էմիրությանը»:

Լրատվակայքը չի հայտնում Մարգոշվիլիի սպանության մանրամասները: Հայտնի է նաև, որ նա իր հետ Սիրիա է տարել կնոջը, ում մասին տեղեկություններ չկան:

Նշենք, որ Պանկիսի կիրճի 26 բնակիչ արդեն մահացել է Սիրիայում և Իրաքում: Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների կազմում կռվում է Վրաստանի մոտ 50 քաղաքացի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *