Թուրքիան Կատարին է մատակարարելու թուրքական Nurol Makina ընկերության արտադրության 400 միավոր Ejder Yalçın զրահամեքենա ևս 100-ից ավել NMS զրահամեքենա: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
NMS զրահամեքենան թուրքական ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է 2017-ի մայիսին Ստամբուլում անցկացված IDEF-2017 ցուցահանդեսի ժամանակ: Սա այդ զրահամեքենայի առաջին արտասահմանյան մատակարարումը կդառնա:
Թուրքիան Ejder Yalçın զրահամեքենան մինչև այժմ վաճառել է Թունիսին և Ուզբեկստանին: Ընդ որում, Ուզբեկստանի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ այդ երկրում հավաքվելու է 1000 միավոր նման զրահամեքենա:
Միևնույն ժամանակ թուրքական «Ասելսան» ռազմարդյունաբերական ընկերությունը Կատարին մատակարարելու է hեռակառավարվող կայունացված (ստաբիլիզացված) մարտական մոդուլներ (SARP):
Թուրքական ընկերությունը MRAP դասի ուժեղացված հակաականային պաշտպանությամբ Ejder Yalcın զրահամեքենան առաջին անգամ ներկայացրել է 2012-ին:
4×4 ընթացամասով Ejder Yalcın զրահամեքենայի բնութագիր.
- Անձանակազմը՝ մինչև 11 զինծառայող,
- Առավելագույն արագությունը՝ 120 կմ/ժ,
- Զանգվածը՝ 14 տոննա,
- Շարժիչը՝ 375 ձիաուժ:
4×4 ընթացամասով NMS զրահամեքենայի մարտավարատեխնիկական բնութագիր.
- Անձանակազմը՝ մինչև 9 զինծառայող,
- Առավելագույն արագությունը՝ 140 կմ/ժ,
- Զանգվածը՝ 10 տոննա,
- Շարժիչը՝ 300 ձիաուժ,
- Կարող է սպառազինվել 7,62 մմ կամ 12,7 մմ գնդացիրներով և 40 մմ հակաօդային պաշտպանության համակարգով։
Թուրքիան ռազմական և ռազմակրթական ոլորտում մի շարք պայմանագրեր է կնքել Կատարի հետ: Համատեղ ռազմական ուսումնավարժանքների և Կատարում Թուրքիայի ռազմական ուժերի տեղակայման մասին համագործակցության համաձայնագրերը կնքվել է դեռևս 2014-ին:
2016-ին էլ կնքվել է Կատարում Թուրքիայի զինված ուժեր տեղակայելու մասին երկու երկրների կառավարությունների «իրականացման համաձայնագիրը» (implementation agreement): Այդ համաձայնագիրը Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է 2017-ի հունիսին, որից հետո էլ սկսել է ուժեր տեղակայել Կատարում: