Հրապարակվել է «Ես եմ» ծրագրի պայմանագրի նախնական տարբերակը

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (e-draft.am), հրապարակվել է ՀՀ ՊՆ «Ես եմ» ծրագրի շրջանակներում զինծառայողի և պաշտպանության նախարարության մեջ կնքվելիք պայմանագրի նախնական տարբերակը։ Ռազմինֆոն առանձնացրել է պայմանագրի մի քանի կետ։

Պայմանագրի կնքման նախադրյալներից մեկը զինծառայողի առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու համար սահմանափակում չունենալն է, մյուսը՝ առնվազն հանրակրթական ծրագիր անցած լինելու ավարտական վկայական ունենալը։

Այսպիսով՝ զորակոչի ենթակա քաղաքացին պայմանագրի կնքումից հետո ուղարկվում է ծառայության վայրի զորամաս՝ ուսումնական ստորաբաժանման կազմում 5-ամսյա զինպատրաստություն անցնելու և զինվորական մասնագիտություն ստանալու համար:

Զինպատրաստություն անցնելու ընթացքում և դրա ավարտից հետո հաշվարկվում է դրամական ապահովություն՝ ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշմամբ սահմանված չափով։ Որոշմանը կարող եք ծանոթանալ այստեղ։

5-ամսյա պատրաստությունն ավարտելուց հետո տրամադրվում է 10 օր արձակուրդ։ Արձակուրդից վերադառնալուց հետո զինծառայողը զորամասում անցնում է մարտական հերթապահության ներգրավելու պատրաստություն՝ 7 օր ժամկետով, որից հետո յուրաքանչյուր ամսվա ընթացքում ներգրավվում է 14-օրյա մարտական հերթապահության։

Զինծառայողին տրվում է ամսական արձակուրդ՝ 7 օր, որը ներառում է նաև արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու ժամանակահատվածը:

Եթե զինծառայողը հրաժարվում է ամսական արձակուրդից կամ 7 օրից պակաս ժամկետով վերցնում այն, ապա զորամասում շարունակում է իրականացնել իր ծառայողական պարտականությունները՝ այդ ընթացքում սնվելով իր միջոցների հաշվին։ Արձակուրդայինի չօգտագործված օրերը լրացուցիչ չեն տրվում։

3 տարի ծառայություն անցնելուց հետո կամ առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում ժամկետից շուտ ծառայությունից արձակելիս հաշվարկվում է պատվովճար՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով, չափով և տնօրինման ուղղություններով: Նշենք, որ խոսքը «Ես եմ» ծրագրով 5 մլն դրամի մասին է, որը որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում։

Եթե զինծառայողը ծրագրից հրաժարվում է վաղաժամկետ, տեղափոխվում է ծառայության այլ վայր և շարունակում պարտադիր զինծառայությունը: Իսկ ամսական արձակուրդի օրերը չեն հաշվարկվում զինծառայողի պարտադիր զինծառայության ընդհանուր ժամկետում։

Պայմանագիրը վաղաժամկետ  լուծարելու ժամանակ, եթե զինծառայողն արդեն անցել է 24-ամսյա ծառայություն, ապա նա զորացրվում է։

Պայմանագրի վաղաժամ լուծարվելու դեպքերից են․

  • Երբ զինծառայողը առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի է ճանաչվում։
  • Երբ զինծառայողն ինքնակամ է հրաժարվում։
  • Երբ զինծառայողը կատարած կարգապահական իրավախախտումների պատճառով մեկ տարվա ընթացքում օրենքով սահմանված կարգով առնվազն 10 անգամ կարգապահական պատասխանատվության  է ենթարկվում։
  • Երբ զինծառայողը ծառայության ընթացքում առողջական վիճակով պայմանավորված ընդհանուր 50 օր մարտական հերթապահություն չի իրականացրել կամ առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով մարտական հերթապահության ներգրավվելու սահմանափակում ունեցող է ճանաչվելու։ Սա բացառությամբ այն դեպքերի, երբ ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելիս կամ մարտական հերթապահություն կատարելիս ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ծագած հիվանդության բուժման պատճառով մարտական հերթապահություն չի իրականացրել:

Նախարարության կողմից պարտավորությունները խախտելու դեպքում զինծառայողը կարող է իր խախտված իրավունքները բողոքարկել վերադասության կամ մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմիններին կամ դատարան:

Պայմանագրի ամբողջական տարբերակին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նշենք, որ կայքը հնարավորություն է տալիս քաղաքացիներին նախագծի վերաբերյալ ներկայացնել առաջարկություններ և դիտողություններ, տեղեկանալ ներկայացված առաջարկների ընդունման կամ մերժման մասին, մասնակցել նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *