«Լյուբավա-Արմենիան» 1,7 մլն դոլարի հանդերձանք/սարքավորում կարտադրի ՀՀ զինուժի համար. Zbiam․pl

Դեկտեմբերի 14-ին հայտնի է դարձել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը հատուկ հանդերձանքի/սարքավորման ձեռքբերման պայմանագիր է կնքել «Լյուբավա Գրուփի» հետ։ Այն արտադրելու է հայ-լեհական համատեղ «Լյուբավա-Արմենիա» ռազմարդյունաբերական ձեռնարկությունը։

Պայմանագրով նախատեսված աշխատանքները գնահատավում են 1,7 մլն ամերիկյան դոլար։ Այս մասին հայտնում է լեհական Zbiam.pl մասնագիտացված կայքը՝ հղում անելով «Լյուբավա Գրուփ» ընկերությանը։

Կայք նշում է, որ պայմանագիրը կարող է ընկերության արտադրանքի համար ճանապարհ բացել նաև վրացական և ղազախական շուկայում։

ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ Ռազմինֆոյին «Լյուբավա-Արմենիա» ընկերության ներկայացուցիչը հայտնել էր, որ զրահատեխնիկայի համար նախատեսված ջերմաքողարկիչ ցանցերը զորային փորձարկումներ են անցնում հայկական զինված ուժերում:

Իսկ «Լյուբավա-Արմենիայի» արտադրած բազմանպատակային քողարկման ցանցերն արդեն կիրառվում են զորքերում:  Ցուցահանդեսին ներկայացված էին նաև զրահաբաճկոններ, որոնք, ըստ ընկերության ներկայացուցչի, հնարավոր է համալրեն ՀՀ ԶՈւ սպառազինությունը։

Նշենք, որ «Լյուբավա-Արմենիա» հայ-լեհական համատեղ ռազմարդյունաբերական ձեռնարկությունը բացվել է 2014-ի հոկտեմբերին Չարենցավանում։

Ձեռնարկությունը զբաղվում է արտադրական օբյեկտների արդիականացմամբ և նորոգմամբ, ինչպես նաև արտադրում է կեղծ թիրախներ, վրաններ, սաղավարտներ, զրահաբաճկոններ, քողարկող ցանցեր ու ռազմական նշանակության այլ գույք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *