ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Հայաստան կայցելի դեկտեմբերի 18-ին

ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության տվյալներով՝ Դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գյոթեմյուլլերը Հայաստան կայցելի երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին: Գյոթեմյուլլերը կմասնակցի Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառման փակմանը: Համապատասխան հաղորդագրությունը տեղադրվել է ՆԱՏՕ-ի կայքում:

Գյոթեմյուլլերը կմասնակցի ՄԱԿ-ի ԱԽ-ի 1325 բանաձևի կիրառման շրջանակներում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թեմայով աշխատանքային քննարկմանը, որը կազմակերպել են ՀՀ արտգործնախարարությունն ու պաշտպանության նախարարությունը:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը հանդես կգա զեկույցով, ինչպես նաև կհանդիպի Երևանի պետական համալսարանի ուսանողներին:

Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ Գյոթեմյուլլերն այս պաշտոնում նշանակվել է 2016 թ. հունիսին: Մինչ այդ նա զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի միջազգային անվտանգության և սպառազինության վերահսկման հարցերով օգնականի պաշտոնը:

Հավելենք, որ 2016 թ. ապրիլին Հայաստան էր այցելել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *