Դեկտեմբերի 15-ին ԱԱԽ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի ամրապնդման հիմնախնդիրները:
Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների և հետագա անելիքների մասին զեկուցել են ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը և ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:
Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:
Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «ՀՀ-ում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:
Ահաբեկչության դեմ պայքարի առումով նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարևորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը: