Ադրբեջանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունեց «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ադրբեջանի խորհրդարանը երկրորդ՝ վերջին ընթերցմամբ, ընդունել է «Զինված ուժերի մասին» օրենքի նախագիծը, որը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություններից: Այսուհետ «Զինված ուժեր» հասկացության տակ ամբողջացվում են Ադրբեջանի բոլոր զինված կառույցները, այդ թվում՝ բանակը: Օրինագիծը հրապարակվել է Ադրբեջանի խորհրդարանի կայքում:

Եթե նախկինում «Ադրբեջանի Զինված ուժերի մասին» օրենքը կարգավորում էր միայն բանակին վերաբերող խնդիրները, ապա այսուհետ այն վերաբերում է բանակին և «այլ զինված կառույցներին»: Թեև նշված «այլ զինված կառույցները» չեն թվարկվում, սակայն, դատելով մինչ այս Ադրբեջանի ուժային կառույցների մասին օրենսդրական տարբեր դրույթներից հավաքած տվյալներից՝ դրանց թվում են.

  • Պետական սահմանապահ ծառայություն,
  • ՆԳՆ ներքին զորքեր,
  • Պետական անվտանգության ծառայություն,
  • Արտաքին հետախուզության ծառայություն,
  • Պետական պահպանության հատուկ ծռայություն,
  • Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պահպանության գունդ,
  • Արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքեր:

Այսպիսով՝ նոր օրենքը կարգավորում է Ադրբեջանի բանակի և նշված կառույցների հետ կապված խնդիրները: Արդեն առանձին կառույցների հետ կապված օրենսդրական դրույթները կկարգավորվեն առանձին օրենքերով:

Օրինագիծը բխում է 2016 թ. սահմանադրական փոփոխություներից, որտեղ սահմանված էր, որ այսուհետ «Ադրբեջանի զինված ուժերը» կկոչվի «Ադրբեջանի բանակ»:

Համաձայն ընդունված օրինագծի՝ բանակի հիմնական պարտականություներն են՝

  • «Ադրբեջանի դեմ ուղղված ագրեսիայի չեզոքացում»,
  • Տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության զինված պաշտպանության կազմակերպում:

Ընդհանուր առմամբ «զինված ուժերի» պարտականությունների թվում է նաև «հասարակական կարգի պահպանությունը», որը մինչ այս ներքին զորքերի իրավասությունն էր: Ամենայն հավանականությամբ, այս դեպքում ևս սա կվերաբերի ներքին զորքերին, սակայն այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն առանձին օրենքների ընդունումից հետո: Չի բացառվում, որ նման իրավասությամբ կարող են ժտվել նաև «Զինված ուժերի» այլ զինված կառույցներ ևս:

Հավելենք, որ, համաձայն գործող օրենսդրական դրույթների, Ադրբեջանի արտաքին սահմանների պաշտպանությանը, պատերազմական գործողություններին անհրաժեշտության դեպքում կարող են ներգրավվել նաև նշված զինված կառույցները:

Ավելացնենք, որ նոր նախագծով ևս Ադրբեջանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է: Նշենք նաև, որ օրինագիծը ուժի մեջ կմտնի միայն նախագահի կողմից վավերացվելուց հետո:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *