Սիրիայի Դեր Զոր քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մարտերում սպանվել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Սաբերին» հատուկջոկատային բրիագդի սպա Մեհդի Ղարեմոհամմադին։ Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Զինծառայողը Իրանի Մազանդարան նահանգից էր, 32 տարեկան։
Մինչ օրս Սիրիայում Իրանի ունեցած կորուստները ավելի շատ են, քան Թուրքիայի և Ռուսաստանի հայտնի կորուստները միասին վերցրած։ Չնայած այս կորուստներին՝ Իրանը պնդում է, որ Սիրիայում չունի մարտական ստորաբաժանումներ և այնտեղ է ուղարկում միայն ռազմական խորհրդատուներ, իսկ զոհվող մարտիկները՝ կամավորներ են։
Նշենք, որ Սիրիայում Իրանի աջակցությամբ կռվում են նաև գլխավորապես աֆղանցիներից կազմված «Ֆաթեմյուն» և պակիստանցիներից կազմված «Զեյնաբիունի» ջոկատները։
Սիրիայում Իրանի գործողությունները համակարգում է ԻՀՊԿ «Ղոդս» ստորաբաժանումը՝ Ղասեմ Սոլեյմանիի հրամանատարությամբ։