Դեկտեմբերի 14-ին Անկարայում համատեղ քննարկում են անցկացրել Թուրքիայի և Իրաքի զինված ուժերի գլխավոր շտաբերի պետեր, բանակի գեներալներ Հուլուսի Աքարը և Օսման Ղանիմին, ԱՄՆ Եվրոպայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Կուրտիս Սկապարոտտին, Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոթելը: Այս մասին հայտնում է Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը:
Ըստ հաղորդագրության՝ եռակողմ հանդիպումը նախապես պլանավորված էր: Թուրքիան այս մասին հայտնել էր դեկտեմբերի 11-ին: Իրաքը և ԱՄՆ-ն հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկոթւյուն չեն հայտնել:
Թուրքիայի ԶՈՒ ԳՇ հաղորդագրությունում նշվում է, որ կողմերը քննարկել են Սիրիայում և Իրաքում անվտանգության հետ կապված հարցեր, ահաբեկչության դեմ պայքարը: Այլ մանրամասներ չեն տրամադրվում:
Նշենք, որ ներկայում Թուրքիան և ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում մի շարք հակասություններ ունեն: Դրանցից թերևս գլխավորը Սիրիայում տարբեր ճամբարներին աջակցելն է:
Միացյալ Նահանգները հովանավորում է քրդերից և արաբներից կազմված ուժերին: Թուրքիան քրդական ուժերին համարում է «ահաբեկիչներ»: Ամենայն հավանականությամբ, կողմերը այս խնդրին ևս անդրադարձել են: